Վտանգվել է հուշարձան-շենքի կայունությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ


Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան:

Հուշարձան-շենքի կողային ճակատին կից տարածքում առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության և թույլտվության կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հիշյալ հուշարձան-շենքի կայունությունը:

Նշյալ շինարարական աշխատանքները կատարվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, որոնք են.

16-րդ հոդված` «... գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:»

22-րդ հոդված՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, ... աշխատանքների համար ... կառուցապատման, ... նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:»:

ՀՀ մշակույթի նախարարությունը, առաջնորդվելով վերը նշված օրենքի դրույթներով, իր լիազորությունների սահմանում 2018 թ. սեպտեմբերի 12-ին գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով դադարեցնել շինարարական աշխատանքները և հուշարձան-շենքի անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար հրատապ միջոցառումներ ձեռնարկել:

Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանի անխաթարությունը պահպանելու համար քննարկում է ունեցել կառուցապատողի ներկայացուցչի հետ և բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել`նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթարությունը պահպանելու վերաբերյալ նախագիծ:

Նախարարությունը խնդրի կապակցությամբ գրությամբ դիմել է Երևան քաղաքի դատախազությանը` օրինախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու և պահանջվող օրինական  գործունեությունն իրականացնելու համար: 

ՀՀ մշակույթի նախարարությունը նաև իր պատրաստակամությունն է հայտնել հարցը քննարկել պատասխանատու և շահագրգիռ կողմերի հետ և ըստ խնդրի հրատապության` նախագծային լավագույն առաջարկին (հուշարձանը վտանգող խնդրի լուծմանը) տալ պահանջվող թույլտվություն:

 

ՀՀ մշակույթի նախարարություն