Հայրենիքն է հոգու և մտքի թռիչք պարգևում

ՍԵՐԲԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒՀՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացված սերբահայ գեղանկարչուհի Անամարիա  Վարդապետյանի ստեղծագործությունների և արվեստագետի գրքերի ցուցահանդեսը՝ «Սուրբ Նշանի որոնումներում» խորագրով, երկրորդ ցուցահանդեսն է Երևանում և 41-րդը՝ աշխարհի
տարբեր երկրներում:
 
Հայաստանում առաջին անգամ նա իր ստեղծագործությունները նույն կենտրոնում ներկայացրել է 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:
 
Նա մասնակցել է նաև խմբակային շուրջ 100 ցուցահանդեսի՝ Սերբիայում և արտերկրում, ինչպես նաև՝ «Վարդապետյաններ» խորագիրը կրող ընտանեկան մոտ 18 ցուցահանդեսի՝ Սերբիայի, Չեռնոգորիայի և Իսպանիայի թանգարաններում ու մշակույթի կենտրոններում:
 
Երևանում ցուցադրվող աշխատանքներում հայոց վայրերն են՝ հիմնականում մեր պետական դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Այս աշխատանքների բաղադրիչներից են խոսքը, բառը, տառը՝ հայկական գիրը և սերբական կիրիլատառը: Այդ խոսքերի, բառերի ու տառերի՝ այբուբենների միջոցով նա անքակտելի կապ է ստեղծում հայ և սերբ ժողովուրդների միջև, որոնց զավակն է ինքը: Անամարիան գեղանկարչական գործեր է հեղինակել հայ բանաստեղծներ Բաբկեն Սիմոնյանի, Հովիկ Հովեյանի, Հովհաննես Գրիգորյանի, Ավագ Եփրեմյանի, Վարդան Հակոբյանի, Դավիթ Հովհաննեսի և այլոց խոսքերով: Նրա աշխատանքներին բնորոշ է նաև հինավուրց խորհրդանիշների առկայությունը (արծիվ, առյուծ, գայլ, շուն, վեցաթև աստղ, խաչ, կենաց ծառ, խաղող, վարդակ, նուռ, ինչպես նաև՝ արևաքաղ):
 
Կերպարվեստի և կիրառական արվեստի բնագավառի մի շարք մրցանակների դափնեկիր բելգրադաբնակ գեղանկարչուհին, ում հայրը զտարյուն հայ է, մայրը՝ սերբուհի և սլովենուհի, այլ թեմաների հետ միասին հայկական թեմաներով ստեղծագործում է շուրջ 15 տարի և, ինչպես ինքն է ասում,  զգում է և՛ սեր, և՛ կարոտ, և՛ ցավ: Հայկական թեմաներով ստեղծված իր աշխատանքներով նա մեկ անգամ ևս հավաստում է, որ առանց ազգային ակունքներից սնվելու անհնար է ճշմարիտ արվեստ ստեղծել:
 
- Նախնիներս Կարինի, ներկայիս Էրզրումի մոտակայքում գտնվող Սուրբ Նշան վանքի տարածքից են: Ահա, այդ տեղանունից էլ ծնունդ է առել իմ ստեղծագործությունների ցուցահանդեսի անվանումը՝ «Սուրբ Նշանի որոնումներում», ինչպես նաև գրքարվեստով զբաղվելուս մտահղացումը: Արվեստաբանական ուսումնասիրություններս առնչվում են հայ միջնադարյան հուշարձաններին ու զարդաքանդակներին, ինչպես նաև Սերբիայում միջնադարից մինչ օրս պահպանված հայկական  հուշարձաններին և 1993 թվականին Սերբիայում տեղադրված երկու խաչքարերի զարդաքանդակներին,- ասում է նկարչուհին: 
 
Նշենք, որ ներկա ցուցահանդեսը նաև նրա դոկտորական աշխատանքն է, որը նա կավարտի 2019 թվականին և կներկայացնի պաշտպանության: Իր դոկտորական աշխատանքում նա հիշատակելու է Հովհաննես Այվազովսկուն, Մարտիրոս Սարյանին, Արա Բեքարյանին, որոնց արվեստը ներշնչման աղբյուր է եղել իր համար:  
 
Ցուցահանդեսը բացվել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ (սա հյուպատոսության 4-րդ  նախաձեռնությունն է) և ՀՀ մշակույթի նախարարության Հովհաննես  Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացմանն աջակցել են Բելգրադի պոլիտեխնիկումի բարձրագույն դպրոցը և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը: 
 
Կենտրոնի տնօրեն, բանաստեղծ Հովիկ Հովեյանը բացման խոսքում նշեց, որ սիրով են ընդունել մեր հայրենակցուհու ստեղծագործությունների ցուցահանդեսը երկրորդ անգամ ներկայացնելու գաղափարը: Իսկ բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակութային գործիչ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը համառոտ անդրադարձավ Անամարիայի անցած ստեղծագործական ուղուն, ինչպես նաև նրա հոր՝ անվանի գեղանկարիչ և գրքի գեղարվեստական ձևավորող Միոդրագ Վարդապետյանի գործունեությանը, որը արվեստի հրաշալի դպրոց է եղել Անամարիա դստեր համար: Նկարչուհու խնդրանքով Հովիկ Հովեյանը և Բաբկեն Սիմոնյանը արտասանեցին իրենց բանաստեղծություններից, որոնց թեմաներով Անամարիա Վարդապետյանը գեղանկարչական աշխատանքներ է ստեղծել: 
 
Արվեստաբան Եվգենյա Քալանթարյանը խոսեց նկարչուհու աշխատանքների մասին, նշեց այն առանցքային ու խորհրդանշական հատկանիշները, որոնք բնորոշ են նկարչուհու ստեղծագործությանը: Հովիկ Հովեյանը Անամարիային նվիրեց փայտակերտ խորհրդանշական համայիլ: 
 
Այնուհետ Անամարիա Վարդապետյանը երախտիքի խոսքեր ուղղեց Պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանին, կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանին և բոլոր աշխատակիցներին, նաև Սերբիայի արտաքին գործերի նախարարությանը, ովքեր ջանացել են կազմակերպել այս հրաշալի ցուցահանդեսը: 
 
Նկարչուհին դժվարանում էր թաքցնել հուզմունքը, որով պարուրվել էր հատկապես ներկաների ջերմ ու անկեղծ խոսքերից: Դա մեկ անգամ ևս հավաստում էր, որ արթուն է արյան կանչը, որ հայ ստեղծագործողի համար, որտեղ էլ նա ապրելիս լինի՝ հայրենիքը այն կենարար աղբյուրն է, որը մտքի ու հոգու թռիչք է պարգևում իր աշխարհասփյուռ զավակներին…
 
Հրաչյա ԱՐՄԵՆՅԱՆ