ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Տվյալ ազգի կամ կամ ժողովրդի արարումի առհավատչյան է մշակութային ժառանգությունը ու նաև՝ նրա ինքնագնահատանքը: Այս առումով հայերն ու Հայաստանը կարող էին և մրցակից չունենալ , եթե ավելի խնամքով վերաբերվեինք մեր նախնյաց ստեղծած արժեքներին: Գնահատել ենք, իհարկե, սակայն ոչ միշտ ենք դրանք ըստ արժանվույն ներկայացրել միջազգային ասպարեզում: Իսկ տեսարժան վայրերը, ինչպես հայտնի է՝ խնամքոտ տանտեր ունենալու դեպքում մեծապես նպաստում է զբոսաշրջությանը՝ համատեղելով հանրահռչակումի հաճելին և եկամտաբեր օգտակարը:

 

Այսօր արդեն այդ շահախնդրությունն ակնհայտ է՝ պետական մակարդակով: Եվ, համագործակցելով հայաստանյան տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, ՀՀ մշակույթի նախարարությունը հայկական երկու հանրապետություններում  կանցկացնի տարաբնութ միջոցառումներ: Նպատակը մեկն է՝ հնարավորություն ստեղծել՝ հանրությանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային մեր հարուստ ժառանգությանը: 
 
Մշակութային ժառանգությունը դիտարկելով որպես տնտեսական և սոցիալական կարևոր գործոն՝ արդյունքում ստեղծվում են տեղային զարգացման նոր մոդելներ, որոնք խթանում են մշակութային ժառանգության պահպանությանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:
 
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվի «Հայաստանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:
 
 Հիշեցնենք՝   Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա: