Գյումրու Երկրագիտական թանգարանի վերանորոգման համար դրամահավաք կիրականացվի

Ինչպես հայտնի է՝ Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին:
 
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը Գյումրիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարեցին Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին:
Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն ՀՀ դրամ:
 
Լիլիթ Մակունցը նշեց, որ շենքի վերանորոգման համար սեպտեմբերից մեկնարկելու է դրամահավաք, որը տևելու է մեկ ամիս: Գումարը փոխանցվելու է Շիրակի երկրագիտական թանգարանի հաշվեհամարին: Նախարարը նաև տեղեկացրեց, որ դրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ:
 
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին առաջարկեց շենքի մի հատվածն օգտագործել որպես պատկերասրահ:
 
- Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ` այն կտավները, նյութերը, որոնք այսօր ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել , շնորհակալ կլինեմ, եթե Երկրագիտական թանգարանն արձագանքի մեր այս առաջարկին,- ամփոփելով խոսքը՝ ասաց Լիլիթ Մակունցը:
 
Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը ընդունեց նախարարի առաջարկը:
 
- Հիմա շատ արդյունավետ կօգտագործվի շենքը և դրա համար նաև ձեր ջանքերը պետք է ներդնեք, որպեսզի կրկնապատկեք, բազմապատկեք այդ հնարավորությունը, և երկրագիտական թանգարանը դառնա իսկապես հետաքրքիր եւ դիտարժան մի վայր, և ոչ թե պարզապես թանգարան թղթի վրա,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
 
ՀՀ մշակույթի նախարարություն