«Ֆրամ», ասել է թե՝ առաջ

«ՖՐԱՄ» - 125

1893թ. հուլիսի 24-ին Նորվեգիայի ցամաքային վերջնակետ Վարդյոյի ափերից սկսվեց Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի բևեռագիտական արշավը՝ «Ֆրամ» նավով:
 
Դարակազմիկ սխրանք համարվող գիտարշավը շարունակվեց շուրջ երեք տարի, մարդկային քաղաքակիրթ աշխարհից հեռու, Արկտիկայի սառցասահքերի ու սառցալճերի վտանգների պայմաններում, որտեղ բացահայտվեցին ու իրագործվեցին ոչ միայն գիտական մտքի թռիչքներ, այլև մշակութային, բնապահպանական ու, ընդհանրապես, Մոլորակի պահպանության նվիրումներ, նաև՝ մարդկային ճակատագրեր սանձելու խիզախումներ՝ Հյուսիսափայլի վերերկրային շողարձակումների ներքո: 
 
Դրանից գրեթե չորս տարի հետո, Լոնդոնում, հազարավոր մարդկանց ցնծալից վերաբերմունքի միջավայրում Նանսենը հանդես եկավ կատարած աշխատանքի հաշվետվությամբ: Ցնծում էին նաև նրա ձեռնարկը մինչ այդ «անմիտ ինքնասպանություն» համարող գիտնականները, նվագախումբը շուրջն էր տարածում Հենդելի օրհներգը, իսկ երգչախումբը ոգեկոչում էր բառերը՝
 
Օ՜, տվեք դափնեպսակ, 
Նա հաղթող է...
 
Ահա այս՝ այժմ արդեն 125-ամյա հոբելյանական տարեթիվն ունեցող գիտարշավն էր, որ տարածեց Նանսենի հեղինակությունը՝ նրա հետագա դիվանագիտական գործունեությունն ու մարդասիրական առաքելություններն իրականացնելու համար,  որոնց մեջ իր չափազանց մեծ ու նշանակալից տեղն ունի նրա անմնացորդ նվիրումը եղեռնասարսափ հայ ժողովուրդի փրկության գործին:
 
Աներևակայելի գիտարշավի մասին օրագրային գրառումների հիման վրա պատմող Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամը» Բևեռային ծովում» գիրքը «ճշմարիտ եվրոպացուն» բացահայտում է ոչ միայն որպես բևեռագետի ու կենսաբան գիտնականի, ոչ միայն որպես հրաշալի մարդու ու ընկերոջ, այլև, որպես հոգին մտքի հետ խառնած արվեստագետի, գեղագետի ու գրողի:  Գիտարշավի մասին պատմող գիրքը հայերենով առաջին անգամ հրատարակվել է Իզմիրում՝ 1906 թվականին: Տարբեր լրացումներով հարուստ մի շարք վերահրատարակություններ ընթերցողներին են սպասում հայաստանյան գրադարաններում: 125-ամյա հեռվից էլ գիրքը վառ է պահում հրաշալի դրսևորումներով զարմանալու մարդկային ունակությունը, որն էլ կարևորագույնն է՝ առաջ ընթանալու համար: 
 
Իսկ «Ֆրամ», նշանակում է՝ առաջ...
 
 
Շուշանիկ ՈՍԿԱՆՅԱՆ-ՆԱԼԲԱՆԴՅԱՆ