Պատմության նոր էջը՝ ՀՊԹ-ում

Հետաքրքիր նախաձեռնություն է՝ թավշյա հեղափոխության մասին ցուցասրահ ստեղծել Հայաստանի պատմության թանգարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը.
 
- Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:
 
Համաժողովրդական նվաճումները պե՛տք է ամբողջացվեն: Մանավանդ՝ արդեն 3 տասնամյակ որևէ «նվաճում» համաժողովրդական չի եղել: Եթե՝ «նվաճում», ապա միայն մի քանի նախկին չքավորներ են ձեռք բերել՝ ճոճաթոռի, պետբյուջեի և պետությանը հատկացված փողերի հափշտակման տեսքով: Եվ եթե նույնիսկ ահարոնադիբեկյաններն ու կերակրատաշտից զրկվելու վտանգից խուճապի մատնվածներն ասեն, թե շարժումն ուղղորդված է Արևմուտքից և ուղղված է անձերի դեմ, որքան էլ այլ հռետորաբանություն բանեցնեն՝ նսեմացնելու շարժումն ու հետշարժումային գործընթացը՝ անիմաստ փրփրաժայթքում է: Իսկ մինչ հիմա՞ ում կողմից էր ուղղորդվում ժողովրդատյացությունն  ու Հայաստան պետության դեմ ուղղված թալանը:
 
Թավշյա հեղափոխությունը կամ թեկուզ իշխանափոխությունը իրական արժեք է, զի համաժողովրդական կամքի դրսևորում էր, որին առանց որևէ բռնության տեսք ու կերպ տվեց Նիկոլ Փաշինյանն՝ իր գաղափարակիցների հետ և համայն հայության հավատի «հովանավորությամբ»: Ուրեմն միանգամայն ճիշտ է՝ հատկապես Հայաստանի պատմության թանգարանում դրան արժանի տեղ ապահովել: