«Բրուտ Արտ»-ը՝ Շուշիում

«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում երեկ կայացավ Արցախում առաջին անգամ անցկացվող «Բրուտ Արտ» կավագործության սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են կավագործներ Արցախից և ՀՀ-ից։
 
Միության սաները հայկական ավանդական երգ ու պարով դիմավորեցին հյուրերին։ Քանոնի և ջութակի հնչյունների ներքո երեխաները կավե արձանների միջոցով ներկայացրին Շուշիի պատմությունն ու կավագործության սկզբնավորումը։
 
Միջոցառումը մեկնարկվեց Տեր Անդրեաս Թավադյանի հոգևոր խոսքով և օրհնությամբ։ Տերունական աղոթքից հետո Տեր Անդրեասը նշեց, որ միության բացման օրվանից եղել է այստեղ՝ իր երախտագիտությունը հայտնելով Հարությունյանների ընտանիքին, Նարեկ Հարությունյանին՝ արվեստի նման կենտրոն հիմնելու և զարգացնելու համար։
 
15 օր շարունակ կավագործներն  աշխատելու են միությունում և օրվա երկրորդ կեսին անցկացնելու են վարպետության դասեր։ Աշխատանքներից մեկի հիմնական թեման Շուշին է, իսկ մնացած գործերի թեմաներն ազատ են։
 
- Մշակույթի նախարարությունն ամենամեծ ջատագովն է ազգային արվեստների և արհեստների պահպանման ու զարգացման հարցում։ Մենք որոշեցինք անպայման մեր ներդրումն ունենալ այս գեղեցիկ սիմպոզիումն իրականացնելու հարցում։ Միշտ աշխատանքներ են տարվել կավագործությունը Շուշիում զարգացնելու գործում, և ահա այդ տարիների աշխատանքի արդյունքն է այս հրաշալի բրուտագործարանի բացումը։ Մենք լիահույս ենք, որ հաջորդ տարիների ընթացքում ավելի լայնամասշտաբ կդառնա այս նախագիծը, և աշխարհի տարբեր ծայրերից կունենանք մասնակիցներ,- իր խոսքում նշեց  ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը։
 
Աշխատանքները, որոնք կստեղծվեն կավագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում, մասնակիցներին արտահայտվելու ավելի լայն հնարավորություններ կտան հատկապես քանդակագործության ոլորտում։ 
Աշխատանքները կյանքի կոչելու համար կտրամադրվեն համապատասխան նյութեր՝ կավե զանգվածներ տարբեր տեխնոլոգիական ոլորտների և բարձր ջերմաստիճանի համար, ինչպես նաև էլեկտրոնային և փայտե ջեռոցներ` կավը թրծելու համար։ Ընտրված աշխատանքները երկարաժամկետ կցուցադրվեն Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում։
 
- Ես ուղղակի սիրահարված եմ բրուտագործությանը։ Շնորհակալ եմ այն նվիրյալներին, ում միջոցով այս սիմպոզյումն իրականացվում է։ Այս ամենը սիրո արդյունք է, և ես վստահ եմ, որ այն շարունակական կլինի։ Մեր դռները միշտ բաց են այս տեսակ նախաձեռնությունների համար,- ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը։
 
Բացման արարողությունից հետո ՆԱՄ կենտրոնում դաշնակահար, կոմպոզիտոր Լյուսի Խանյանը ներկայացրեց էթնո-էքսպերիմենտալ տարրերով պարուրված ստեղծագործություններ՝ կատարելով անհամատեղելի ոճերի միաձուլում։ 
 
Սիմպոզիումի մասնակիցներն են Հրաչյա Համբարձումյանը(Երևան), Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը(Երևան), Վազգեն Գևորգյանը(Գյումրի), Գոռ Պարսամյանը(Վանաձոր), Ջիվան Հունանյանը(Երևան), Հռիփսիմե Գրիգորյանը(Երևան), Ռոբերտ Ասկարյանը(Ստեփանակերտ), Սերոբ Մամունցը(Մարտակերտ) և Նանա Մանուչարյանը(Երևան):