Որտե՞ղ է, իսկապես, հանգրվանում ժամանակը

ԼՈՒՅՍԻ ԵՎ ԲԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
 
Մարդկային ցեղին ճակատագրով տրված անխուսափելի ճանապարհների մասին է Վարուժան Գալստյանի բանաստեղծական խոհը: Այլ խոսքով՝ գոյության բնական ընթացքն է այստեղ, ուր կարող ես հանդիպել իրականությունն առավել որոշակի դարձնող ձգտումների, ցանկությունների, խոստովանությունների, ընկալումների, սիրո, ափսոսանքի կամ բավականությունների: Եվ այդ ամենը հենց անհատին տրված ժամանակի երկունքն է ու նրա ընթացքը: Բանաստեղծական երևակայությամբ, կամ իմաստախոհ շնորհներով օժտված շատերը խուսափում են խոսել ժամանակի սահմանավոր լինելու մասին: Իսկ այստեղ ռեալ իրականությունն է՝ «Երկնող ժամանակի հանգրվանը»:
 
Որտե՞ղ է, իսկապես, հանգրվանում ժամանակը: Հարցի պատասխանը գտնելու համար ահա արթնանում է Վարուժան Գալստյանի բանաստեղծական խոհը գոյության բնական ընթացքի մասին, ուր ավելորդ զգացմունքայնությունն իր տեղը զիջում է շոշափելի ու  պատկերավոր մտածողությանը. Ամեն ինչ որոշակի է դառնում տարիքային սահմանի ներսում, որի ընթացքն անխուսափելիորեն առաջ տանող, ապա կրկին ետ բերող ժամանակի ընթացք է: Այլ խոսքով՝ վերելք, որին հետևում է վայրէջքը: Սա է Վարուժան Գալստյանի բանաստեղծական տողի ճշմարտությունը, և հենց սրա շուրջն է պտտվում այն ամենը, ինչ կոչվում է սեր ու բարություն, զարթոնք ու գարուն, ափսոսանք ու բավականություն... Միայն թե՝ ամեն ինչ դանդաղ ընթանա, միայն թե՝ կյանքը դանդաղ հեռանա: Այսպես է հոլովվում, արարվում կյանքի սերը: Այդ սերն էլ ստիպում է ամեն վայրկյան օրհնել վայրէջքի ուշացումը.
 
Տարիներն ինձ տանում են, ավաղ,
Գագաթը սարի,
Գագաթը, որին չեն ձգտում կամոք
Այլ հասնում են լուռ...
 
Հետաքրքիր է, թե այնտեղ՝ բարձրում,
Ում հետ կամ մենակ,
Ինչքան ժամանակ
Հոգնած կլսեմ աղոթքը լեռան՝
Ամեն մի վայրկյան սրտանց օրհնելով
Խենթ ուշացումը 
Իմ մեծ վայրէջքի...
 
Չենք կարող ասել, թե բանաստեղծը չի տեսնում անսահմանի գոյությունը: Նա պարզապես ճշգրտում է նույնիսկ անսահմանի սահմանները՝ հավերժական շրջապտույտը ևս տեղավորելով մարդուն անխուսափելիորեն ու ճակատագրով տրված վերելքի ու վայրէջքի սահմաններում.
 
Երկնքի ափով
Կապույտը պատած,
Արփին է թևում՝
Կրակը հագած...
 
Իրիկնաշաղին
Արևը հոգնած
Երկինքը թողեց՝
Հորիզոն հեծած...
 
Երկնքի ափում
Գիշեր է պարզկա,
Աստղերը՝ արև-
Արևը չկա... 
 
Մարդն ամուր ոտքերով կանգնած է հողին: Այդ նա է նույն հողագնդի վրա երկրային ճշգրտումներով զգում ու պահում բոլոր գործողությունների մեջ ընթացող ժամանակի ռիթմը: Գարնան ծաղկունքից բարձրացող հրաշք բուրմունքը երկրային գործողություն է, որը ժամանակի ռիթմի մեջ է պահում սիրո զգացումը.
 
Գարնան ծաղկունքի բուրմունքը հրաշք
Ինձ կոչ է անում նորից սիրելու...
 
Որքան էլ որոշակիացված է ժամանակի ընթացքը Երկիր մոլորակի վրա, որի չափումներն անուններ ունեն՝ գարուն, ձմեռ, ձոր, լեռ ու, կամ՝ սրտով սիրած էակ, այնուամենայնիվ, այդ ամենը Տիեզերքի արարման արդյունք է, իսկ արարումն ինքն էլ սիրո արդյունք է: Ուստի սիրո մեջ մնալու երջանկությունը տիեզերական զգացողություն է.
 
Իմ քնքուշ էակ, ինձ մենակ մի թող,
Իմ սիրո ծովակ, դու ինձ մի լքիր.
Մեր սերը թող ինձ մնա հավիտյան՝
Որպես արարում մեծ տիեզերքի...
 
Այսպես, կյանքն իր բնական ընթացքի մեջ է, որտեղ ամեն ինչ իր չափման միավորը, պատճառն ու հետևանքն ունի: Այնուամենայնիվ, կա մի սահման, մի հորիզոն, որի հաղթահարումը կնշանակի լուծել դարերի առաջադրած հանելուկը՝ գտնել ցանկության և բավարարվածության միության բանաձևը: Ըստ Վարուժան Գալստյանի, անսահմանի տիրույթում է գործում մարդկային ցանկությունը, սակայն, միևնույն ժամանակ, կա բանաձևը՝ սահման գտնելու անսահմանի մեջ: Միայն թե այստեղ անզոր է մարդկային միտքը, որին փոխարինելու է գալիս որևէ չափման մեջ չտեղավորվող Անհունի ողորմածությունը.
 
Իմ մեծ ցանկության
Եվ քո միշտ կանչող
Փախուստի միջև
Կա արգելակող մի անհայտ սահման,
Որը դարձել է բոսոր հորիզոն,
Հորիզոն, որի ցանկալի կողմը
Երբեք չի եղել ինձ տեսանելի...
Հորիզոն, որի մութ առեղծվածը
Չի լուծել նույնիսկ
Միտքը դարերի...
Ես՝ խենթս, հիմա անցնել եմ ուզում
Անանց սահմանն այդ հորիզոնի
Եվ համոզված եմ՝ միայն այս անգամ
Աստված ինձ համար թողություն կանի...
 
Այո, ժամանակն իր հանգրվաններն ունի, հանգրվանների անվերջ երթ է ժամանակի գոյությունը, և այդ երթի ամենագեղեցիկ հանգրվաններից է մարդ արարածին տրված ժամանակը՝ Երկիր մոլորակի վրա: Այստեղ է, որ որքան էլ գործում են ճշգրիտ չափումների օրենքները, միևնույն է, անհունի «դաժան լռությունը»  ստիպում է խոնարհվել նրա վեհության առջև.
 
Մեծ գիտնականները ինչքան էլ խորհեն՝
Մեր կյանքը գոյի վեհ առկայծում է.
Ու նրա մասին որքան էլ խոսեն,
Ժամանակի մեջ այն մոռացվում է...
 
Ֆիզիկոսներն ինչքան էլ փնտրեն
Լուրթ տիեզերքի սահմանը անհայտ-
Հավիտենության պահերը նորից
Նրանց կտանեն անսահմանության...
 
Թե տիեզերքը աստղերին դարեր
Պապանձ է թողնում երկնքում լազուր,
Անհունի դաժան լռության գրկում
Մեր կյանքի մասին խոսելն է իզուր...
 
Անորոշությունը որոշակի դարձնելու՝ Վարուժան Գալստյանի մարդկային մղումներն ու բանաստեղծական խոհը տանում են տարբեր չափումների միջև պատճառի ու հետևանքի, տարատեսակ դրսևորումների համեմատությունների միջոցով գտնելու գոյության ճշմարտությունը:
 
Հավատ՝ մարդու նկատմամբ: Մարդերգության հովանու ներքո ստեղծագործող բանաստեղծ է Վարուժան Գալստյանը, անհատին արժևորող ,Երկիր մոլորակի գոյությունը մարդով պայմանավորող ստեղծագործող:
 
«Երկնող ժամանակի հանգրվանների» մասին խոսող բանաստեղծը համոզված է՝
 
Ես կայի հնուց՝
Դեռ այն ժամանակ,
Երբ դեռ աշխարհում
Չկար ժամանակ...
 
Արևը չկար,
Չկային աստղեր,
Տիեզերքն անհուն
Դատարկ էր-անտեր...
 
Լույսի ու բարության հետ հայտնված մարդը դարձավ աշխարհի տերը: Ամեն ինչ ճշգրիտ չափումների մեջ ընկալող բանաստեղծը, սակայն, տառապում է անորոշությունից.
 
Այս երկրում եդեմ,
Ինչեր կտեսնեմ՝
Ավաղ, չգիտեմ:
 
Այնուամենայնիվ, բանաստեղծի ցանկությունը մեկն է՝ թող մաքուր մնա մեծ ժամանակի մեր հանգրվանը:
 
Մարդկանց բնօրրան՝
Երկիր մոլորակ,
Ես քեզ մաղթում եմ
Բարու հաղթանակ...