Աշխարհահռչակ սոպրանոյի հայաստանյան բեմելը

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՈՊՐԱՆՈՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԲԱՐԲԱՐԱ ՖՐԻՏՈԼԻՆ, ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՀԵՏ

 
Բարբարա Ֆրիտոլի.  գեղեցիկ կին, ով իր բնավորության ամենավառ գիծը համարում է ազատ շփումը մարդկանց հետ:  Ընկերների մեջ ամենաշատը գնահատում է անկեղծությունը, արվեստակիցների մեջ՝ կոռեկտությունը: Նրա համար ամենամեծ երջանկությունը դստեր ծնունդն է: Հիմա նա «խոստովանում» է, որ եթե չընտրեր երգչուհու մասնագիտությունը, ապա կդառնար զինվորական:
 
Վաղը՝ ապրիլի 19-ին, առաջին անգամ ՀԱՖՆ-ի հետ հանդես կգա մեր ժամանակների լավագույն սոպրանոներից մեկը՝ Բարբարա Ֆրիտոլին (Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19:00-ին):
 
Ծրագրում կհնչի Մալերի 4-րդ սիմֆոնիան՝ Ֆրիտոլիի մասնակցությամբ, և Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան: Հայ հանդիսատեսին նաև անակնկալ է սպասվում Ֆրիտոլիի կողմից: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
 
Բարբարա Ֆրիտոլին (սոպրանո, Իտալիա) համալրում է մեր ժամանակների լավագույն սոպրանոների ցանկը՝ Աննա Նետրեբկո, Անգելա Գեորգիու, Ռենե Ֆլեմինգ: Ֆրիտոլիի խաղընկերներն են եղել Պլասիդո Դոմինգոն, Լեո Նուչին, Խոսե Կարերասը, Բրայն Թորֆելը, Իլդար Աբդրազակովը, Ռոբերտո Ֆրոնտալին, Ռուջերո Ռայմոնդին, Մարիո Լանցան, Ֆերուչո Ֆուրլանետոն և այլ մեծանուն երգիչներ:
 
Ֆրիտոլին ելույթներ է ունեցել մերօրյա դիրիժորական արվեստի հսկաներ Կլաուդիո Աբբադոյի, Ռիկարդո Մուտիի, Վալերի Գերգիև, Լորին Մաազելի, Զուբին Մետայի, Անտոնիո Պապանոյի, Դանիել Գատիի, Ջեյմս Լիվայնի, Ռիկարդո Շայիի և այլ աշխարհահռչակ դիրիժորների ղեկավարությամբ:
 
Բարբարա Ֆրիտոլին հանդես է եկել Լա Սկալա, Մետրոպոլիտեն օպերա, Wiener Staatsoper, Լոնդոնի Քովենթ Գարդեն, Փարիզի ազգային օպերա, Ֆլորենցիայի Տեատրո Կոմունալե, Բարսելոնայի Gran Teatre Liceu և այլ հեղինակավոր թատրոնների բեմերում:
 
Բ. Ֆրիտոլին միջազգային փառատոնների մշտական մասնակից է. Զալցբուրգի, Ռավենայի, Verbier և այլ փառատոնների: Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի, Վիենաի ֆիլհարմոնիկի, Չիկագոյի սիմֆոնիկի, Լա Սկալայի ֆիլհարմոնիկի, Բոստոնի սիմֆոնիկի, Լոնդոնի սիմֆոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ:
 
Նրա նշանակալի դերակատարումներից են՝ Կոմսուհի («Ֆիգարոյի ամուսնությունը»), Դեզդեմոնա («Օթելլո»), Ֆյորդիլիջի («Այսպես են վարվում բոլոր կանայք»), Լիու («Տուրանդոտ»), Դոննա Աննա («Դոն Ջովանի»), Էլեկտրա («Իդոմենևս»),Վիտելիա («Տիտոսի բարեսրտությունը»), Լուիզա Միլլեր (համանուն օպերա), Լեոնորա («Տրուբադուր»), Մարգարիտա («Ֆաուստ»), Էլիզաբեթ («Դոն Կառլոս»), Քույր Անժելիկա (համանուն օպերա), Նեդդա («Պայացներ») Ամելիա Գրիմալդի («Սիմոն Բոկանեգրա») և այլ դերերգեր:
 
Բազմիցս մասնակցել է օրատորիալ գործերի կատարմանը. Վերդի՝ Ռեքվիեմ, Բրամս՝ Գերմանական ռեքվիեմ, Պերգոլեզի՝ Stabat Mater, Ռոսինի՝ Stabat Mater, Մոցարտ՝ Մեսսա c-moll, ինչպես և Մալերի թիվ 4 սիմֆոնիան և այլ գործեր: Ունի բազում ձայնագրություններ  Sony, EMI, BMG, Erato հանրայտ ձայնագրման ստուդիաների հետ: