ՀՐԱԺԵՇՏ՝ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈՐՈՇՄԱՄԲ

Եռօրյա այց՝ Արցախ

Պաշտոնական  Բաքվի «սև» ցուցակներում հայտնվելը գուցե նույնիսկ հաճոյախոսություն է  Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի նման հայրենանվեր անհատականությունների համար: Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում գտնվելով՝ նրանք հասցրել են վերաիմաստավորել իրենց սերն՝ առ գերեվարումից տուն դարձած Արցախ աշխարհ

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը,  ՊԲ զորամաս այցելելուց հետո, մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:
 
- Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք,-«Արցախպրես»-ի թղթակցին ասել է Ս. Թանկյանը և մասնավորեցրել, որ իրենք հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպեն Արցախում:
 
Նա նաև ընդգծել է՝
 
- Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի և եթե կարողանամ՝ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է և այստեղի ժողովուրդը բոլորին սպասսում է ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա:
 
Արցախյան օրերը նույնատիպ ցանկություն են արթնացրել նաև կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանի հոգում:
 
- Հույս ունեմ, որ մեր այն սփյուռքահայերին, արվեստագետներին,  որոնց հետ ես շփվում եմ, կկարողանամ հստակ ներկայացնել Արցախն ու տեղի իրողությունը: Ես նրանց կհորդորեմ գալ Արցախ ու ժամանակ տրամադրել այս հրաշք երկրին ծանոթանալու համար: Եվ նրանք պետք է ոչ թե մեկ անգամ լինեն Արցախում, այլ պարբերաբար, որպեսզի կարողանան ճիշտ և իրական աչքերով տեսնել ու պատկերացում կազմել այս հերոսական ժողովրդի ու երկրի մասին,- նշել է Ա. Խանջյանը: