Հայտարարություն

Ի ԼՈՒՐ՝ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2016 թվականի մայիսի 17-ի N 229-Ա հրամանով հաստատված աշխատակարգի (այսուհետ` աշխատակարգ) 8-րդ կետի համաձայն՝ հասարակական խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության:
 
 
ՀՀ մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ռոտացիոն սկզբունքով ընդգրկվելու համար մինչև 2018 թվականի մայիսի 10-ը  ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժին (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ. հասցե՝ general@mincult.am) պետք է ներկայացնել դիմում (ստորագրված և ուղղված ՀՀ մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Ա. Ամիրյանին) և աշխատակարգի 4-րդ կետի պահանջների բավարարման վերաբերյալ գրավոր տեղեկություններ:
 
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար կարող են դիմել աշխատակարգի 4-րդ կետի պահանջները բավարարող անձինք***:
 
Խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով նախարարության կողմից անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին՝ (011) 56 45 46 հեռախոսահամարով:
 
*** 4. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ` Նախարարություն) գործունեության հիմնական ուղղություններին, մշակույթի հասարակական ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն մշակույթի ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են Նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, մշակույթի ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
 
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում Նախարարությունից:
 
Խորհրդի նախագահը, ելնելով Նախարարության գործունեության առանձնահատկություններից, կարող է Նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին կամ անձանց ընդգրկել Խորհրդի կազմում պատճառաբանված որոշման հիման վրա, որը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:
Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք:
 
Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունները կարող են Խորհրդում իրենց ներկայացնելու համար լիազորված անձանց փոխելու դիմում ներկայացնել Նախարարություն, եթե նոր առաջադրված թեկնածուն համապատասխանում է սույն աշխատակարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին: