Ապրածը վերարժևորելու ժամանակը

«ՍԿՍԵՆՔ ԱՌԱՎԵԼ ԻՐԱՏԵՍՈՐԵՆ ՄՏԱԾԵԼ ԵՎ ԱՊՐԵԼ»

Հոբելյանը կարծես թե յուրօրինակ հաշվետվություն է, նաև ապրածդ վերարժևորելու` անցյալին վերստին մի հայացք ձգելու և այն վերլուծության ենթարկելու համար։ Իր ապրած 60 տարիները հենց այսպես է ներկայացնում Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, «ՄՀԵՐԻ ԴՈՒՌ» (ՊԱՀԱՆՋԱՏԷՐՈՒԹԻՒՆ) միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր, ֆլեգմատիկ խառնվածքի տեր ՆՈՐԱՅՐ ԱՆԴՐԵՅԱՆԸ:
 

 

- Հարգարժան հոբելյար, կխնդրեմ երկու խոսք` Ձեր մասին:

- Դպրոցական տարիներին մեծացել եմ գյուղական միջավայրում՝ Մարտունու շրջանի Վարդաձոր գյուղում, մտավորականի ընտանիքում։ Հայրս տարբեր պաշտոններ է վարել, բայց էությամբ մանկավարժ էր և իր կյանքի համար որդեգրեց մանկավարժությունը։ Որդեգրեց, որովհետև այդ գործի լավագույն նվիրյալն էր: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության բաժինը: Այնուհետև աշխատանքի ընդունվել «Հայֆիլմ» կինոստուդիայում և նշանակվել նորաստեղծ «Բումերանգ» երգիծական կինոհանդեսի խմբագիր։ Անկեղծ ասած, դա ինձ համար նաև դժվարություն էր, որովհետև չունեի համապատասխան մասնագիտական կրթություն։ Ասեմ, որ բավական բարդ միջավայր էր, բայց համառությունս օգնեց, որ կարճ ժամանակում կարողանամ ինձ դրսևորել։ Շփումները փորձառու խմբագիրների, ստեղծագործական միավորումների հետ, ինձ շատ բան տվեցին...
 
- Այսինքն ուղղորդեցին դեպի մամուլի աշխարհ։
 
- Այո։ Երևի նախախնամության բերումով համալսարանում ստանձնել էի «Իմաստասեր» մասնագիտական պատի թերթի խմբագրի պատասխանատվությունը։ Ինձ վստահողներին չհիասթափեցրի, բայց երբեք չէի մտածել, որ խմբագիր կդառնամ։ «Բումերանգ»-ում արդեն ինձ զգացի այդ ասպարեզում։ Աշխատել եմ վեց տարի։ Այդ ընթացքում, ի դեպ` տպագրվում էի մամուլում, առնչություններ ունեի նաև «Ավանգարդի» հետ։ Գրում էի էսսեներ, երգիծական կինոսցենարներ և իմ ստեղծագործական ձեռքը բացվեց։ Քանի որ քաղաքական կրթություն էի ստացել (փիլիսոփայական մասնագիտությունն այն ժամանակ համարվում էր քաղաքական մասնագիտություն), առավել հակված էի կուսակցական աշխատանքի...

Կինոստուդիայում ինձ ընտրեցին կոմերիտական կազմակերպության քարտուղար, իսկ ՀԼԿԵՄ 30-րդ համագումարում, որպես երիտասարդ ստեղծագործող՝ ՀԼԿԵՄ կենտկոմի անդամ։ Կենտկոմում ստեղծվել էր Միջազգային հարաբերությունների և Սփյուռքի հետ կապերի բաժին, որտեղ էլ աշխատանքի ընդունվեցի որպես հրահանգիչ, և ինձ հանձնարարվեց զբաղվել ներքին Սփյուռքի խնդիրներով։ Դա նշանակում էր կազմակերպչական աշխատանքներ տանել Սովետական Միության տարածքում ձևավորվող հայկական համայքների հետ։ Մեկ տարի անց ՀԼԿԵՄ-ը վերափոխվեց ՀԵՄ-ի, որտեղ աշխատեցի որպես Մշակույթի, միջազգային կապերի և Սփյուռքի հանձնաժողովի նախագահ։
 
- Բայց ՀԵՄ-ը չհասցրեց նույնիսկ ձևավորվել։
 
- Այո, բայց որոշակի աշխատանքներ տարվեցին։ Նույն ընթացքում Սփյուռքահայության կոմիտեում բացվել էր ներքին Սփյուռքի բաժին և ինձ հրավիրեցին աշխատանքի։ 1993թ. մեկ տարով գործուղվեցի Ղրիմ` որպես սփյուռքահայության կոմիտեի ներկայացուցիչ և տեղի հայկական համայնքների կոորդինատոր։ Այնուհետև հետագայում շարունակեցի աշխատել կոմիտեում՝ որպես նախագահի տեղակալի պաշտոնակատար, մինչև 1999թ.։ Այդ ժամանակ Սփյուռքահայության կոմիտեն լուծարվում  էր...
 
- Մտավորականի դեգերումներ` բարդ ու խրթին ժամանակներում...
 
- Իշխանական վերնախավում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, Կրթության և գիտության նախարարությունում Սփյուռքի հետ աշխատանքների բաժին  էր բացվել և ես հրավիրվեցի այնտեղ` որպես բաժնի խորհրդական...
 
- Հայացք նետելով անցած ճանապարհին` հաջողե՞լ եք հաղթահարել Ձեր առջև ծառացած բոլոր խոչընդոտները։
 
 - Իհարկե` ոչ։ Բայց քիչ բան չի արվել։ Ամեն ցանկալի հարց հնարավոր չի եղել լուծել։ Բարդ  ժամանակներ ենք ապրել, դժվարին ճանապարհ անցել։ Եթե  այն հարթ լիներ, կկարողանայինք ավելի արդյունավետ աշխատել...
 
- Դուք այսօր ավելի  շատ ճանաչված եք որպես ստեղծագործող, որպես մամուլի ոլորտի ներկայացուցիչ։ Կուզենայի, որ խոսեիք այդ ոլորտի դժվարությունների մասին` չնայած դրանք բոլորին են հայտնի։ Բայց ամեն մի դժվարություն իր կրողի հայեցակետով մի քիչ տարբերվում է մյուսներից։ Մամուլն ունի գրեթե անսահմանափակ ազատություն, բայց իրականում ազատ չէ` ֆինանսական առումով։ Ո՞նց եք գնահատում մերօրյա չորրորդ իշխանությունը։ Արդյո՞ք իշխանություն է։
 
- Ցավոտ ու բարդ հարց է։ Նախ ինձ համար շատ ցավալի է, որ գրեթե չեն գործում ստեղծագործական միությունները։
Պետությունը, եթե ուզում է գրական, մտավորական, ստեղծագործական վերընթաց ապրել, պետք է զարկ տա ստեղծագործական միավորումներին։ Պետության հետ համագործակցությամբ միայն դրանք կարող են լավագույն արդյունք գրանցել։

Չորրորդ իշխանություն ասվածը շատ հարաբերական հասկացություն է։ Լավ է, որ ընդունված օրենքով մամուլին բավական ազատություն տրված է։ Ազատության հետ, սակայն, առկա է տպագրական մամուլի գոյատևման խնդիրը, որը ես կասեի պետության կողմից չի խրախուսվում և ուշադրության չի արժանանում։ Ցանկացած պետություն գնահատվում է նաև իր երկրում գործող մամուլի պատկերով։ Ցավում եմ, որ տպագիր մամուլը գրեթե զրոյացվելու ճանապարհին է։ Ճիշտ է, էլեկտրոնային լրատվամիջոցներն ակտիվ են և ներկա սերունդը հիմնականում հակված է էլեկտրոնային լրատվությանը, բայց կարծում եմ, դա բավարար չէ։ Ավանդական մամուլի նկատմամբ վերաբերմունքը վերանայման կարիք ունի...
 
- Պետությունը ի՞նչ պետք է անի, երբ մամուլը անկախության է ձգտում։
 
- Թող պետությունից անկախ լինի, բայց պետական աջակցություն ունենա։ Մենք ընթերցող չունենք, որովհետև ընթերցողն անվճարունակ է։ Ունևորը ընթերցող չէ, ընթերցողն էլ թերթ, ամսագիր գնելու հնարավորություն չունի, իսկ էլեկտրոնային մամուլը հասու չէ բոլորին...
 
- Ընթերցողն այսօր լրատվամիջոցներից միայն սենսացիա է ակնկալում, հայհոյանք, դատափետումներ։
 
- Ընթերցողը մեղավոր չէ։ Ընթերցողն ուրախ կլինի մամուլում կարդալ գրական, մշակութային, ազգային, պետական լավագույն գործերի մասին,  բարեփոխումներ զգալ իր բարվոքվող կենցաղում և հայհոյանք ու դատափետում չորոնել լրատվամիջոցներում։ Բայց այդպես է, երբ մարդիկ իրենց դժգոհությունների բարձրաձայնումը որոնում են մամուլի էջերում։

Մենք պետք է կարողանանք դուրս գալ այս հոգեվիճակից, ավելի առաքինի սկսենք մտածել և ապրել։ Դա մեր ժամանակի խնդիրն է, այսօրվա խնդիրը։ Միաժամանակ պետք է գնահատենք մեր պետականությունը, որովհետև այն տառապանքի գնով ենք նվաճել...
 
- Մեր սերնդին շատ հետաքրքիր առաքելություն էր վերապահված։ Միակուսակցական հասարակարգում ձևավորվեց մի սերունդ, որը կարոտ ուներ իր նախնիների անցյալն ու արժանապատվությունն արթուն պահելու։ Մեր պապերի պատգամի մի մասը կատարեցինք ղարաբաղյան հաղթական պատերազմով` դժվարությունների առջև չընկրկելով։ Բայց այսօր այդ սերունդը կարծես թե գնահատված չէ։
 
- Ղարաբաղյան շարժումը լավագույն փարոսն էր, որի ուղղորդող լույսին ոչ միայն մենք, այլև սերնդեսերունդ սպասել է մեր ժողովուրդը։ Շարժումն առկայծում էր, որով կերտվեց այդ փարոսը` որպես իրողություն։ Փառք ու պատիվ այդ սերնդին, որ գնաց այդ դժվարությունների հետևից։ Մեր ժողովուրդն արժանի  չէր այսօրվա իր կացությանը։ Մենք անհնարին թվացող անկախ պետականություն կերտեցինք, իսկ պետությունը գոնե գաղափարախոսություն պետք է ձևավորի, ինքնադրսևորման ճանապարհ հարթի, որ քաղաքացին, հատկապես երիտասարդը, կարողանա հարթել իր ճանապարհը։ Սա մայրուղային և հատանցյալ ճանապարհների խնդիր է. «Տվեք մայրուղին, որ մենք հատանցյալով դուրս գանք մայրուղի»»։ Կարծում եմ, սա է բանաձևը։ Դժվարությունները,  սահմանափակումները պետք է վերջ ունենան...
 
- Կարծում եմ` տեսնում եք այդ վերջի լույսը։
 
- Տեսնելու համար արդեն շոշափել է պետք...
Ցավալի հարցեր շատ կան։ Ցավում եմ օրինակ արտագաղթի համար։ Արտագաղթը շատ ուժեր ջլատեց... Մենք ոչինչ չունենալով, ղարաբաղյան պատերազմ հաղթեցինք` նվիրումով, մութ ու ցուրտ, անհաղթահարելի տարիներ անցանք ու ոտքի կանգնեցինք, միասնաբար։ Բոլորը պետք է այսօր հայրենիքում լինեին։ Նրանք են նաև մեզ հետ ստեղծողն ու քարը քարին դնողը...

Բայց բոլոր դեպքերում ուզում եմ լավատես լինել ու սպասել այդ երևելի ժամանակին, որ հայը շենանա իր հայրենիքում։
 
- Դուք լավատե՞ս եք։
 
- Ուզում եմ լավատես լինել, բայց իրատեսորեն...
 
- Կուզենայի անդրադառնալ Արևմտյան Հայաստանի հարցերով զբաղվող կառույցներին, որոնցից մեկին դուք անդամակցում եք։ Խոսեցինք Սփյուռքից, արտագաղթից, բայց փաստորեն նույնիսկ դրսում, հոգևոր հայրենիքի որոնման  ճանապարհին էլ մենք միակամ չենք։ Չենք միաբանվում նաև մեր հայրենիքում։ Ո՞րն է հայի այդ առեղծվածը` անվերջ տարանջատվել, անվերջ բաժանվել։
 
- Բարդ հարց է։ Կարծես թե սա այն թնջուկն է, որի բացահայտումով հնարավոր է թոթափել այն բարդույթները, որոնցից չենք կարողանում ձերբազատվել...
Արևմտահայության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների գործունեության ոլորտը լուրջ առաքելություն և բարոյական բարձր պատասխանատվություն կրելու կարողություններ ունեցող մարդկանց խնդիր է։ Մենք ամենայն լրջությամբ ու բարձր մակարդակով սկսեցինք այդ գործը։ Ես այս գործում ներգրավվել եմ մեր փառապանծ զորավարներից մեկի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրավերով և շնորհակալ եմ, որ նա ինձ ընդգրկեց այս դժվարին ու բարդ գործում։ Այն խնդիրները, որոնք մենք որդեգրել ենք, զորավար Անդրանիկի, Պողոս Նուբարի, Թոթովենցի և ազգային հարցով զբաղվող մյուս երևելիների գործի շարունակությունն է։ Յուրաքանչյուրը   պետք է բարոյական պատասխանատվություն ունենա, իրեն ճիշտ դրսևորելու և ճիշտ ուղղությամբ ընթանալու համար։

Բայց, ցավոք, ստեղծվում են այդ հարցով զբաղվող կազմակերպություններ և հետո պառակտվում։ Բացահայտվում են անազնվություններ, անհամաձայնություններ և այլ խնդիրներ...

Անընդունելի է նույն խնդիրներով զբաղվող մի քանի կազմակերպությունների անհասկանալի գոյությունը։ Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուրը վերցներ մի խնդիր, և հետամուտ լիներ դրա իրագործմանը մինչև վերջ։ Բայց իրականում յուրաքանչյուրն ուզում է կառույցն իր մենաշնորհը դարձնել։ Սա ցավալի իրողություն է, մեր ազգային հիվանդություններից մեկը։ Իսկ խնդրի թիվ 1 բարդույթն այն է, որ այն այսօր-վաղը լուծվելիք հարց չէ և ժամանակ չի փաստագրվում։ Նաև արևմտահայության խնդիրներով զբաղվողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և քաղաքական հոսանքներից։ Սա շատ կարևոր բաղադրիչ է։ Խնդիրը քաղաքական է այնքանով, որքանով որ ազգային է։ Եվ մեր՝ «Մհերի դուռ» ամսագրի բուն նպատակը հենց այդ խնդրին ծառայելն է։ Ես, որպես խմբագիր, պատասխանատու եմ այդ հարցի համար։
 
- Մենք հաճախ ենք ասում ազգային դիմագիծ, և կար ժամանակ, երբ հպարտանում էինք դրանով։ Հենց դա է պահպանել մեր նկարագիրը, տեսակը, նվիրումը։ Եվ այսօրվա անկախությունն էլ այդ նկարագրի վերագտնումը, վերահաստատումն է։ Երբեմն մտածում եմ, բայց դժվարանում եմ հստակեցնել, թե ո՞րն է այսօրվա մեր նկարագիրը։ Հայ մարդու, հայաստանաբնակի, Հայաստանից հեռացածի նկարագիրը։ Ի՞նչ ենք ավանդելու գալիք սերունդներին։ Եվ այն արդյո՞ք ընկալելի է բոլոր նրանց համար, որ մեր սերունդը մնաց շատ հնի և ծայրահեղ նորի միջև։
 

- Զարմանալի սերունդ ենք: Պատմական գրեթե բոլոր իրողություններն ապրեցինք։ Դժվար է միանշանակ պատասխանել այս բարդ հարցին։ Միայն միասնությունն է դրական ազդակ հաղորդում։ Ժամանակն ու իրողությունները ցույց տվեցին, որ միայն ազգային միասնության, զարթոնքի դեպքում ցանկալի արդյունք կարող է լինել։ Ինչ վերաբերում է մեր ազգային դիմագծին, հնարավոր է ստեղծել և′  քաղաքական, և′ բարոյական, և՛ հոգեբանական, և′ ազգային լավագույն միասնություն, որը, վստահ եմ, իր դրական արդյունքը կտա։ Կարծում եմ, սա է լավագույն բանաձևը։ Եվ դա կարող է դառնալ կայուն ազգային դիմագիծ, որը հպարտությամբ կարող ենք փոխանցել հաջորդ սերունդներին:
 
- Կեցությունն է որոշում գիտակցությունը։
 
 - Այդ առումով տեղին է հիշատակել հայտնի դասական Կ. Մարքսի «Քաղաքականությունը տնտեսության խտացված արտահայտումն է» խորիմաստ արտահայտությունը...

- Հոբելյանի առիթով Ձեզ հասցեագրված մաղթանքներից հատկապես ո՞րը կուզենայիք, որ իրագործվեր։
 
- Ամենից առաջ` բոլորս լինենք բարգավաճ հայրենիքի քաղաքացի, ունենանք բարգավաճ Հայաստանի հպարտ քաղաքացիություն, վստահ ու համոզված, որ մեր կրած դժվարությունները հանուն բարեկեցիկ գալիքի  էր և հանուն մեր հայրենիքի։
 
- Սովորույթները նաև ավանդույթ դառնալու «վտանգ» են պարունակում, ո՞ր սովորույթից կուզենայիք ձերբազատվել։
 
- Հիասթափվելու, ոչնչով չգոհանալու, անբավարարության և անկարողության զգացումից։ Բոլորը, այդ թվում նաև ես:

 

Ջուլիետ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ