Եթե բոլորը գիտակցեին իրենց ով լինելը...

ԿԱՐՈՏԻ ՈՒ ՍԻՐՈ ԵՐԳԻՉԸ

Խորհրդանշական է, որ Բաբկեն Սիմոնյանն իր նորահրատ «Ես գիտեմ՝ ով եմ» բանաստեղծական ժողովածուն նվիրել է հոր՝ ծագումով վանեցի Ավետիս Սիմոնյանի հիշատակին՝ նրա ծննդյան 100-րդ տարելիցի առթիվ: Տարիներ առաջ նա կատարել է հանգուցյալ հոր պատգամը, երեք անգամ եղել է Վանում: Վանի Խաչփողանից հող, իսկ Վանա լճից ջուր է բերել իր հետ:
 
- Ահա քո նվերը,- շշնջացել է արցունքաշաղ բանաստեղծը՝ հողն ու ջուրը շաղ տալով հոր շիրիմին՝ մեկ անգամ ևս հավաստելով, որ անմեռ է հայի պատմական հիշողութունը, որ հայը երազապաշտ հոգի ունի և անմար կարոտ, որով պիտի հասնի իր վաղեմի երազանքին:
 
 
«Հայաստան» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի «Ես գիտեմ՝ ով եմ» նոր, թվով տասներկուերորդ գիրքը, ուր տեղ են գտել հեղինակի վերջին քսան տարիներին անտիպ գործերը: Իսկ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ այդ գրքի շնորհանդեսը լավ առիթ էր՝ նորովի ներկայացնելու Բաբկեն Սիմոնյանի հույզերն ու մտորումները: 
 
Ներկայացնելով Բաբկեն Սիմոնյանի գրական և ստեղծագործական ավելի քան քառասունամյա ուղին, թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը նշեց, որ նա, իրոք, մի կամուրջ է Հայաստանի և նրան բախտակից Սերբիայի միջև: 
 
Գիրքը բացվում է անվանի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի հրաշալի խոսքով՝ ուղղված իր կրտսեր գրչընկերոջը. 
 
- Խոսել Բաբկեն Սիմոնյանի մասին, նշանակում է խոսել առաջին հերթին կարոտի մարմանդ կրակի ցավով ապրող անսահման նվիրյալ, հայրենասեր բանաստեղծի մասին: Նա Բրյուսովյան, Բլոկյան, Տերյանական դպրոցի մտավորական-ինտելիգենտ է, թե իր խոսքի վարպետությամբ, թե իմացական տարածքով դասական ոճերին հակված քնարերգու՝ ամբողջապես հայրենազոր՝ գրականության համար ծնված, բանաստեղծելու համար շնչող և ապրող իր էությամբ: 
 
Դուրյանն ու Սիմոնյանը մտերիմներ էին: Նա բարձր էր գնահատում իր կրտսեր գրչընկերոջ բանաստեղծական նշխարները, իսկ Սիմոնյանի վկայությամբ, երբեմն էլ չզսպելով իր հիացմքունքը բացականչում էր՝ հրաշալի՜ է…
 
Լյուդվիգ Դուրյանը, ցավոք, չտեսավ այս գիրքը, որի համար հրաշալի խոսք էր գրել դեռ 2009 թվականին, իսկ Բաբկեն Սիմոնյանը, հավատարիմ մնալով իր ավագ գրչընկերոջ հանդեպ ունեցած հարգանքին՝ տարիներ անց այդ խոսքը, որպես առաջաբան, տեղադրեց իր բանաստեղծական ժողովածուում:
 
Շնորհանդեսի օրը Բաբկեն Սիմոնյանն իր շուրջն էր համախմբել պոեզիայի երկրպագուներին, հանրապետության մտավորականության ընտրախավին: Նրա մասին խոսելու էին եկել գրականության ու արվեստի անվանի գործիչներ, երաժիշտներ, երգիչներ, գրչընկերներ, նախկին գործընկերներ, նաև նրա դասախոսներն ու համադասարանցիները:
 
Ի՜նչ հետաքրքիր են մարդկային հարաբերություններն ու ճակատագրերը: Արդեն շուրջ հինգ տասնամյակ է, որ նա հրաժեշտ է տվել դպրոցական նստարանին, բայց անբաժան է իր սիրելի համադասարանցիներից, ովքեր եկել էին նրան նվիրելու իրենց անափ սերը, որը կյանք ու շունչ է տալիս Բաբկենի ամեն տողին, հարստացնում ու ավելի գունեղ է դարձնում նրա բանաստեղծական ներկապնակը:
 
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը չափազանց բարձր գնահարելով Բաբկեն Սիմոնյանի «Ես գիտեմ՝ ով եմ» բանաստեղծական ժողովածուն, նշեց, որ նա հետևորդն է մեր դասական բանաստեղծների տաղաչափական ավանդույթների: Ավանդույթներ, որոնց միջոցով սրտի խորքից խոստովանում է իր համար այն թանկ իրողությունը, թե ինքը հային հատուկ աստվածային արդարամտության, մարդասիրության, քաջության ու ազատատենչության չափածո մատենագիրն է: 
 
Բանաստեղծին իրենց ջերմ խոսքերն ուղղեցին նաև Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների և պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Թադևոսյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, երգչուհի, դերասանուհի Լիդա Զաքարյանը, կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի Անահիտ Գրիգորյանը, նաև՝ նրա դասախոսն ու համադասարանցին:
 
Ասմունքող Գայանե Սամվելյանի ընթերցմամբ ներկաները վայելեցին «Ես գիտեմ՝ ով եմ» ժողովածուի բանաստեղծությունները: Գրքի շնորհանդեսի պսակը, անշուշտ, Բաբկեն Սիմոնյանի սերբերեն թարգմանությամբ ներկայացված՝ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ընթերցումն էր, որն արդեն վաղուց ավանդույթ է դարձել նրա բոլոր ելույթների ժամանակ: Մեր հանրությանը քաջ ծանոթ բանաստեղծ Սիմոնյանը  տաղաչափական այնպիսի վարպետությամբ է թարգմանել մեծն Չարենցի անմահ ստեղծագործությունը, որ առանց երկմտելու ու տարակուսանքի կարելի է երգել նաև սերբերեն՝ Ա. Սաթունցի գրած երաժշտությամբ: 
 
- Ազգերը շարունակում են իրենց երկրային կյանքը, երբ նրանց գրողները հետագա սերունդների մեջ ներարկում են ազգային ինքնագիտակցության առաջնահերթ զգացմունքը,- իր հրաշալի գրախոսականում գրել է գրականագետ Աելիտա Դոլուխանյանը: - Այս առումով Բաբկեն Սիմոնյանի գիրքը շարունակում է Մովսես Խորենացու, Եղիշեի, Խաչատուր Աբովյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի ավանդույթները:
Գիրքը բացվում է «Ես գիտեմ` ով եմ» բանաստեղծությամբ, որը, առանց բացառության, պետք է զետեղել հայ գրականության դպրոցական դասագրքերում՝ թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի: