ՄԵԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ. Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը 70 տարեկան է

 
Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի:
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագնը ահա՛- մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին - հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ։
 
Հիշու՞մ եք այս տողերը… Սա հատված չէ պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության մեջ հիշատակված՝ Հայոց դիցարանի ռազմի աստված Վիշապաքաղ Վահագնին նվիրված առասպելից. անցյալ դարի նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, մանկավարժ Հովհաննես Հովհաննիսյանի «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունն է, որով հայ մանուկը տասնամյակներ շարունակ հաղորդակցվել է իր նախնիների դիցաբանական անցյալին ու արմատներին:
 
1864 թվականին հայկական հնագույն քաղաք Վաղարշապատ-Սուրբ Էջմիածնում ծնվեց մի գեղեցկադեմ մանուկ, ով հետո պետք է դառնար հայ նորագույն գրականության և պոեզիայի նոր կարկաչուն վտակը, որից սկիզբ էր առնելու ժամանակի մեծ գետը: Մեծ պոետն ու մեծ մանկավարժը ներդաշնակորեն միաձուլված էին Հովհաննես Հովհաննիսյանի էությանը: Նրա ուղին սկսվել էր ծխական դպրոցից: Հետագայում ընդունվեց Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884-ին՝ համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտեց 1888-ին։
 
Հովհաննես Հովհաննիսյանը 1889-ին ճանապարհորդել է Եվրոպայում (Կ. Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել Մխիթարյան Միաբանության ականավոր դեմքերը՝ հատկապես Ղևոնդ Ալիշանը: Նրա մուտքը գրական ասպարեզ ոգևորությամբ են ընդունել Ղազարոս Աղայանը, իր առաջին ուսուցիչ Սմբատ Շահազիզը և շատերը: Իսկ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը տարիներ անց գրելու էր. 
 
- Ռափայել Պատկանյանից 30 տարի հետո՝ 1877 թվականին, ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու արևելահայ գրականության մեջ սկիզբ առավ 2-րդ շրջանի բանաստեղծությունը: Ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում ենք հայոց գրական աշխարհքում: 
 
Գևորգյան Հոգևոր ճեմարանի ուսուցիչը կրթել է հարյուրավոր հայ երեխաների: Երկար տարիներ նա Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։
 
Հետո նրա սաները պետք է դառնային գիտության և մշակույթի ականավոր գործիչներ, որոնց անունները ոսկե տառերով էին գրվելու հայ և համաշխարհային մշակույթի պատմության էջերում՝ Կոմիտաս , Եղիշե Թադևոսյան, Ավետիք Իսահակյան… Նրանով էին մեր պատմությունը ճանաչելու աշխարհի չորս ծագերում ապրող օտարազգի աշխարհահռչակ պոետներն ու գրողները։ 
 
Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժողովրդական զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակակիցներին։ «Սյունյաց իշխանը» (1887 թվական) պատմահոգեբանական պոեմում Հովհաննիսյանը նորովի է մոտեցել հայոց պատմության որոշ հարցերի, մասնավորապես Վասակ Սյունու դերի լուսաբանմանը։ Եվ սա դեռ 20-ամյակը նոր բոլորած ժամանակ: Հովհաննես Հովհաննիսյանը բնագրից թարգմանել է եվրոպական և ռուս գրականության դասականների ստեղծագործությունները՝ Հոմերոս, Գյոթե , Շիլլեր , Հյուգո , Պուշկին, Լերմոնտով , Նեկրասով , Հայնե , Պետեֆի , Ուլանդ և այլոց երկերը։ Հովհաննիսյանը բյուրեղային պարզության հասցրեց հայ նոր պոեզիան, հարստացրեց հայ գրական լեզուն:
 
…1948 թվականը հայ մշակույթի պատմության լուսավոր տարեթվերից է. Հովհաննես Հովհաննիսյանի ծննդավայր Էջմիածնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ոչ հեռու բացվեց նրա տուն-թանգարանը: Տարիներ շարունակ այստեղ է ապրել և արարել մեծ բանաստեղծը՝ հյուրընկալելով ժամանակի բոլոր ականավոր մարդկանց…
 
Ավանդույթներն այս տանը շարունակվում են՝ իր հյուրընկալ հարկի տակ համախմբելով արդեն մե՛ր ժամանակների երևելի դեմքերին՝ ավագ ու երիտասարդ սերնդի արվեստագետներին ու գիտնականներին՝ քննարկելու մեր մշակույթի հետագա զարգացման ուղիները և նոր սերնդին նախնյաց հարուստ պատմությունն ու հզոր ոգին փոխանցելու կարևոր խնդիրները: 
Երեկ թանգարանը տոնեց հիմնադրման 70-ամյա տարեդարձը: Եվ այս յոթ տասնամյակների ընթացքում թանգարանը դարձել է հոգևոր-մշակութային կենտրոն՝ հարազատ վայր յուրաքանչյուր էջմիածնեցու համար : Թանգարանի բակում բանաստեղծի կիսանդրին է, որը կերտել է անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանը: Իսկ հարևանությամբ տեղ է գտել Կոմիտասի արձանը, որը խորհրդանշում է Հայ երգի մոգի և Հայ բանաստեղծության զինվորի մտերմությունը: Կոմիտասը Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծությունների հիման վրա բազում երգեր է գրել, որոնք հետո թևածելով աշխարհի բոլոր անկյուններում՝ դարձել են ժողովրդական երգեր:
 
19-րդ դարի երկրորդ կեսին կառուցված այս գեղեցիկ տանը ներկա է Բանաստեղծը: Ցուցափեղկերի տակ նրա անձնական իրերն են, նամակները… Թվում է՝ սենյակներից մեկում ՝ գրասեղանի առաջ նստած է բանաստեղծը, և այս պահին ծնվում է նրա հերթական ստեղծագործությունը… Եվ արդեն քանի՜ տասնամյակ նրա վահագնաշունչ պոեզիայից ներշնչվում են դպրոցական մանուկները՝ ստեղծելով գեղեցիկ նկարներ և գույների լեզվով մեզ են պատմում Հայրենիքի հանդեպ իրենց մեծ սիրո ու երազանքների մասին: Հյուրերին իրենց ստեղծագործություններով դիմավորում են պատանի արվեստագետները՝ Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները, ովքեր Հովհաննես Հովհաննիսյանի հուշերի, կենսագրության մոտիվներով ստեղծել են հետաքրքիր աշխատանքներ: Նայելով նրանց ստեղծագործություններին՝ մտաբերում եմ Հովհաննես Հովհաննիսյանի այս տողերը.
 
Որպես վաղեմի մի ավանդություն
Կամ շքեղ երազ անմեղ մանկության,
Կենդանանում է այսօր իմ մտքում
Խրոխտ ավերակն նախնյաց մեծության…
 
Եվ կգա՛ այդ ժամանակը, որ հենց այս սերունդը կիրագործի Հովհաննես Հովհաննիսյանի ՝ հզոր հայրենիք ունենալու նվիրական իղձը… Իսկ նրա՝ մեզ թողած ազգային գաղափարները կյանքի կոչելու համար թանգարանի աշխատակազմը զինվորագրվել է հենց այսօրվանից: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը նոր թափով է շարունակում իր գործունեությունը. 2011 թվականին Էջմիածնի քաղաքապետ, շնորհաշատ հայորդի Կարեն Գրիգորյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է բանաստեղծի տուն- թանգարանը՝ ամբողջովին պահպանելով իր պատմական տեսքը :
 
«Որպես վաղեմի մի ավանդություն»
 
Հնչում են Կոմիտասի ստեղծագործությունները... ժամանակի անիվը հետ է պտտվում դեպի նախանցյալ դար, և հարյուրամյակի հեռավորությունից ուրվագծվում է բանաստեղծի ազնվական կերպարը՝ շրջապատված մշակույթի մեծերով, որի տան մթնոլորտը հիշեցնում է Հովհաննես Թումանյանի ստեղծած Վերնատունը…
 
- Հպարտությամբ պետք է ասեմ, որ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը իր ուրույն տեղն ունի ոչ միայն մեր քաղաքում, այլև ամբողջ հայ մշակույթի անբաժան մասն է:Ուզում եմ շնորհակալություն հայտնել թանգարանի աշխատակազմին, որը սրբորեն պահում-պահպանում է մեր մշակույթը: Նրանք զինվորի պես պահպանում են մեր ժառանգությունը: Մենք միշտ էլ մեծ ուշադրություն ենք դարձնելու թանգարանի աշխատանքներին,-ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և հենց տեղում էլ պատրաստակամություն հայտնեց աջակցելու հաջորդ տարի՝ 2019 թվականին Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 155-ամյա հոբելյանի միջոցառումների բոլոր ծրագրերին:
 
Հովհաննես Հովհաննիսյանի թանգարանի գիտաշխատող Քրիստինա Աբրահամյանը ներկայացերց իր՝ մեկ տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունները, որոնք նորովի են բացահայտում Հովհաննես Հովհաննիսյան բանաստեղծին.
 
- Այս տունը կառուցվել է 1888- 89 թվականներին՝ մոխրագույն աղյուսից…Բանաստեղծի հյուրընկալ հարկի տակ հաճախակի եղել է Կոմիտաս Վարդապետը:Պատահական չէ, որ մեր ցերեկույթը սկսեցինք կոմիտասյան երաժշտությամբ…Այս տանն է նա թարգմանել համաշխարհային գրականության գոհարները, ստուգել Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաների տետրերը…Իսկ հետագա տարիների ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան մշտապես այցելել են Ստեփան Զորյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, գրականագետներ Ռուբեն Զարյանը, Սերգեյ Սարինյանը, Լևոն Հախվերդյանը, Էդվարդ Ջրբաշյանը…նրանք իրենց սրտառուչ գրառումներն են թողել տպավորությունների մատյանում , ինչպես նաև հանդես եկել գրականագիտական հոդվածներով: Տպավորությունների մատյանը կարոտ է առանձին ուսումնասիրության, որը վեր է հանում թանգարանի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու մի շարք խնդիրներ,- ասում է Քրիստինա Աբրահամյանը և վկայակոչում մի 1970-ական թվկաններին կատարված գրառումներից մեկը.
 
- Այցելուն նշանավոր մարդկանց թվին չի պատկանում: Սակայն նրա առաջ քաշած խնդիրը դեռ չորս տասնամյակ անց էլ մնում է չլուծված: Նա գրել է. «1973 թ. առաջին անգամ այցելեցի Հովհաննես Հովհաննիսյանի տուն: Թանգարանը չունի բավարար թվով էքսպոնատներ: Պետք է հնչեն նրա բանաստեղծութունների մոտիվներով գրված երաժշտությունները…» : Եվ մենք ակնկալում ենք, որ այսօրվա տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների պայմաններում ճիշտ ժամանակն է լրացնելու այս կարևոր բացթողումը,- եզրափակեց նա:
 
Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտները միասնաբար հնչեցրեցին Հովհաննես Շիրազի «Ձոն» բանաստեղծությունը՝ նվիրված Հովհաննես Հովհաննիսյանին՝ խորհրդանշելով բանաստեղծի պոեզիայի չմարող ընթացքը…
 
Դաշնամուրին է մոտենում անվանի դաշնակահարուհի , պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյանը: Նրա կատարմաբ հնչում են Արամ Խաչատրյանի «Տոկատա»-ն և Առնո Բաբաջանյանի՝ Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված «Էլեգիա»-ն:
Երիտասարդ օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես Կարապետյանը կատարում է Կոմիտասի «Մոկաց Միրզա» և «Ալագյազ բարձր սարին» (խոսք՝ Հովհաննես Հովհաննիսյանի) ստեղծագործությունները: Իսկ Հովհաննես Հովհաննիսյանի քրոջ ծոռնուհին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահարուհի Սոնա Ազարյանը հանդես եկավ Բախի ստեղծագործությունների իր ինքնօրինակ մեկնաբանությամբ: Կոմիտասի  «Շողեր ջան» երգի ներքո հանդես եկավ 
«Էջմիածին» պարարվեստի կենտրոնի սան Մանե Աղաջանյանը։
Էջմիածնեցի արվեստագետներ Գրիգոր Ամյանն ու Մելիք Ալեքսանյանը ներկայացրեցին բանաստեղծի գործերը: Լսում եմ ու ժամանակի հեռավորությունից համոզվում եմ, որ Հայը երբեք չի մոռանալու իր հզոր պատմությունն ու ինքնությունը, ինչպես ժամանակին մտահոգվում էր բանաստեղծը, այլ նորովի է հառնելու՝ համադրելով ազգայինն ու համամարդկային: Դա է լինելու մեր ճանապարհը կյանքի բոլոր ոլորտներում, որը ցույց տվեց Հովհաննես Հովհաննիսյանը գրականության ասպարեզում.
 
- Հովհաննես Հովհաննիսյանը մեծ դասական է: Նա բացեց հայ նոր գրականության նորագույն էջը, որով քայլեցին իրենից հետո եկող մեր մեծերը: Աշխարհահռչակ պոետները իրենով են ճանաչել հայ գրականությունն ու մշակույթը: Նա դեռ չի ստացել իր արժանի գնահատականը: Մենք դեռ շատ աշխատանքներ ունենք կատարելու: Հովհաննես Հովհաննիսյանն այն Մտավորականն էր, ով երբեք չի շրջանցել իր ժողովրդի ցավը,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանի տուն- թանգարանի տնօրեն , բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ով տարիների ի վեր իր նպաստն է բերում Հովհաննես Հովհաննիսյանի ժառանգության պահպանման ու տարածման սերնդապահ գործում:
 
Բանաստեղծին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթի ավարտին մեկ անգամ ևս համոզվում եմ, որ միանգամայն իրավացի է հայ ժողովրդի մեծ բարեկամ Վալերի Բրյուսովը, ով Հովհաննես Հովհաննիսյանին բնորոշել է այսպես.
 
- Հոյակապ կրթություն ստացած մի անձնավորություն, որն իր ճաշակը ձևավորել է համաշխարհային գրականության դասական նմուշներով, Հովհաննիսյանը բոլոր տեսակետներով հանդիսացավ հայ նոր բանաստեղծության նորագույն փուլի ստեղծողը: Հայ բանաստեղծության շատ ներկայացուցիչներ կա՛մ հանդիսանում 
են Հ. Հովհաննիսյանի ուղղակի աշակերտները, կա՛մ կապված են նրա հետ բարեկամական սերտ կապերով և չեն խուսափել նրա բարերար ազդեցությունից:
 
 
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ