Դարեր հաղթահարած, դարերի հետ խոսող

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ 800 ՏԱՐԵԿԱՆ Է

Դարեր շարունակ հայոց գոյի միակ պատվարը  հայ եկեղեցին է եղել, որտեղ կերտվել է հայի տեսակն ու դիմագիծը՝ զերծ ժամանակի եղծարարումից: Հայոց դարավոր պատմության փաստական էջերն առհավատչյան են, որ հայի ինքնությունը, լեզուն, մշակույթն ու դպրությունը դարձան այն վեմը, որի վրա  հառնեց հայոց պետականությունը:
 
Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ հանդիսավորությամբ նշվեց եկեղեցու հիմնադրման 800-ամյակը:
 
Աստվածահաճո այդ օրը համըկավ երիտասարդների սիրելի  Սուրբ Սարգիս Զորավարի տոնակատարության հետ: Ստեփանավանի համանուն եկեղեցում, օրհնությամբ  Գուգարաց թեմի առջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, անցկացվեց մեծ տոնակատարություն՝ նվիրված 800-ամյակին  և Սուրբ Սարգիս Զորավարի տոնին:
 
Միջոցառմանը ներկա էին  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, այլ պաշտոնատար անձինք և հավատացյալներ։
Ջալալօղլու (Ստեփանավան) ծխական դպրոցը հիմնադրվել է հեռավոր 1880-ին: Շրջանի դպրության միակ օջախը դարձած եկեղեցին իր ամրակուռ պատերի ներսում տարիներ շարունակ  պատսպարել է անօգնական, քաղցած և որբ մեծ ու մանուկի:
 
Հայաստանի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Ստեփանավանի Սուրբ Սարգիսը կառուցվել է 1780-ականներին՝ նախկին մատուռի հիմքի վրա, որը գոյություն է ունեցել դեռևս 13-րդ դարում: Այդ մասին է վկայում եկեղեցու արևելյան պատի արտաքին մասում տեղադրված խաչքարի վրա եղած արձանագրությունը, որը 1217 թվականը հիշատակում է որպես մատուռի կառուցման տարեթիվ: Եկեղեցու չորս կողմի պատերի մեջ, ներսից ու դրսից,  տեղավորված են վերոհիշյալ մատուռի մաս կազմող ութ գեղեցիկ խաչքարերը: Այնուհետև,1958թ. ապրիլի 2-ին, Մայր Աթոռի միջոցներով այն վերնորոգվել է և օծվել Վարդան եպիսկոպոսի ձեռամբ ։ 
 
2003-2009թթ. եկեղեցում դարձյալ վերանորոգման  աշխատանքներ են կատարվել՝ բարերարությամբ  Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի։
 
Հարյուրամյակներ շարունակ տոնական այս օրը  ստեփանավանցի հավատացյալները գալիս են եկեղեցի՝ իրենց իղձերին կատարում խնդրելու և արժանանալու Սուրբ Սարգսի բարեհաճությանը։
 
Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ այդօր մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու 800-ամյակին նվիրված խաչքարի և Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս  սրբապատկերների օծում կատարվեց։
 
800-ամյա եկեղեցու բակում տեղեդրված մեծանիստ խաչքարը Ղարաքեշիշյան ընտանիքի նվերն է Ստեփավանին ու ստեփանավանցիներին։
 
Արարողության ավարտին եկեղեցու բակում օրհնվեց և բաժանվեց սուրբ մատաղ՝ եկեղեցու խաչքավոր Ալբերտ Ղարաքեշիշյանի միջոցներով։
 
Այնուհետև ներկաները Սուրբ Սարգիս Զորավարի «ուղեկցությամբ» քայլերթով  շարժվեցին Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան Մշակույթի պալատ, որտեղ մեծ հանդիսավորությամբ նշվեց օրվա խորհուրդը:
 
Ազգային երգ ու պարով, թատերական բեմադրությամբ, ասմունքով, ձեռագործ աշխատանքների յուրօրինակ ցուցադրությամբ տրվեց տոնական օրվա վերջին ակորդը։
                                                                                   
 
Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ