Լույս ու լավատեսություն՝ Ա. Ըռքոյանի կտավներում

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, Քաշաթաղի շրջվարչակազմի և «Հայրենասեր» հասարակական կազմակերպության աջակցությամբ Երևանում՝ Թեքեյան Կենտրոնում, բացված բերձորցի երիտասարդ նկարչուհի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ըռքոյանի առաջին անհատական ցուցահանդեսը նվիրված է Արցախյան շարժման 30-ամյակին:
 
Ցուցասրահում հեղինակի վերջին 5 տարիների ընթացքում ստեղծած ավելի քան 50 աշխատանքներն, այդ թվում՝ գունանկար, գրաֆիկա, մանրանկար: 
 
Աշխատանքների վերաբերյալ իրենց տպավորություններն են արտահայտել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ա. Ծուլիկյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ս. Սարգսյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի գունանկարչության եւ կոմպոզիցիայի դասախոս Ա. Հովհաննիսյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանը, Էջմիածին քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Ա. Թադևոսյանը, քարանձավագետ Ս. Շահինյանը: 
 
Բարձր գնահատելով ներկայացված աշխատանքները, նրանք կարևորել են այն լույսն ու լավատեսությունը, կամքն ու աշխատասիրությունը, որ ճառագում են հեղինակի կտավներից:
 
Անահիտ Ըռքոյանի խոսքով՝ իր աշխատանքներում գլխավորը գույներն են, որոնք վկայում են արցախցի լինելու և կյանքի ու ապագայի հանդեպ դրական զգացումներ ունենալու մասին: 
 
Ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչև հունվարի 31-ը, իսկ փետրվարին նախատեսվում է այն ներկայացնել Արցախում: