Հին հեքիաթը՝ նորովի

«ՀԵՆԶԵԼՆ ՈՒ ԳՐԵՏԵԼԸ»՝ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս  տարի փոքրիկների համար նախատեսել է Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի սյուժեով «Հենզելի ու Գրետելի ամանորի արկածները» ներկայացումը:  Այդ մասին ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը:
 
Բեմադրիչի փոխանցմամբ՝ փորձել է ստանալ գունեղ հեքիաթ. 
 
- Եթե պիեսը չունի գրական լավ հենք, ապա այն ձախողվելու է: Այս անգամ ընտրությունս կանգ առավ Գրիմ Եղբայրների գործին: Այն շատ հայտնի գործ է: Անշուշտ, մի քիչ վախենալու հեքիաթ է, բայց հետաքրքիր: Բացասական է կարծիքս ամանորի այն ներկայացումների մասին, որոնք, այսպես ասած, միայն կոմերցիոն շահ են հետապնդում՝ հետին պլան մղելով ներկայացման որակը: 
 
Դ. Հարությունյանը համոզված է, որ երեխաներին ներկայացումը դուր կգա:  
 
- Հեքիաթն ունի խրատական բնույթ: Այն է՝ չդավաճանել հարազատ մարդկանց, լինել ընկերասեր ու բարի, ուժեղ ու դիմացկուն, հաղթահարել բոլոր տեսակի դժվարություններն ու չհուսահատվել: Այստեղ նաև շատ մեծ սեր ու հոգատարություն կա միմյանց հանդեպ: Նկատի ունեմ ավագ եղբոր սերն ու հոգատարությունը՝ կրտսեր քրոջ նկատմամբ, և դա ողջունելի է: 
 
Բեմադրիչը նշել է, որ ներկայացումը շատ կարճ ժամանակում է բեմադրվել. 
 
- Իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել թատրոնի ողջ անձնակազմին, մասնավորապես գլխավոր նկարչին, բեմադրական մասին ու նկարչական անձնակազմին, որոնք մի մարդու պես աշխատեցին: Բեմանկարիչ Անտոն Քեշիշյանին հաջողվեց  ստանալ հրաշալի լուծումներ. ներկայացման ընթացքում իրար են հաջորդում հետաքրքիր պատկերներ: Տպավորիչ է նաև դերասանների խաղը:
 
ՊՀԹ-ի մամուլի ծառայություն
Լուսանկարը՝ Արթուր Խաչատրյանի