Արվեստը հոգիներ է կամրջում

ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ և CNN ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԽՈՒՄԲԸ` «ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Նարեկացի» արվեստի միությունը երեկ հյուրընկալել էր System of a Down հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանին և CNN հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այցելության նպատակը «Նարեկացի» նվագախմբին ծանոթանալը, կատարումներն ունկնդրելն ու նկարահանելն էր:
 

Երիտասարդ երաժիշտներն Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին ժողովրդական նվագարաններով ներկայացրել էին Aerials երգի մեկնաբանությունը` որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին: Այդ անակնկալը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և, ռոք երաժիշտը, դեռևս 2017 թվականի մարտ ամսին այցելելով Հայաստան` չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր` լսելու նրանց:

Թանկյանը կրկին Նարեկացի արվեստի միության կենտրոնում էր` CNN-ի նկարահանող խմբի հետ: Նա մեծապես հետաքրքրված է հայկական անաղարտ երաժշտությամբ և «Նարեկացի» նվագախմբի գործունեությամբ:

Մթնոլորտն աշխատանքային էր, չափազանց ջերմ ու փոխադարձ ոգևորությամբ լի:

- Մենք հետևում ենք ձեզ, մենք հպարտ ենք ձեզնով: Դուք շատ լավ եք նվագում: Շնորհակալություն,- իր սրտի խոսքն ասաց նվագախմբին Սերժ Թանկյանը:

Իր զգացողություններն ու շնորհակալական խոսքն արտահայտեց նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը` ասելով.

- Շնորհիվ Սերժ Թանկյանի` CNN հեռուստաընկերությունը Հայաստանի ազգային մշակույթի մասին պատմող իր վավերագրական ֆիլմում ընդգրկեց նաև «Նարեկացի» նվագախմբի անդամների հնչեցրած մաքրամաքուր հայկական կատարումները: Խորին շնորհակալություն նրան` «Նարեկացի» արվեստի միության և «Նարեկացի» նվագախմբի անունից: