Անթեղված կրակը, հնարավոր է՝ դեռ բոցավառվի

Վերանորոգվում է Թբիլիսիի հայկական թատրոնը

Թբիլիսիում սկսվում է Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը: Վերջին վեց տարում թատրոնի բեմին ներկայացում չի խաղացվել, քանի որ շենքը վթարային էր ճանաչվել: Որոշ թատրոնների շենքային պայմանները բարելավելու նպատակով Վրաստանի կառավարությունը գումարներ է հատկացրել, իսկ հայկական թատրոնն այդ ցուցակում առաջինն է, այս մասին տեղեկատվություն է տարածել վրացական «Ջնյուզ» կայքը: 
 
Հայկական թատրոնի վերակառուցման առաջին փուլում նախատեսվում է ամրացնել 
շենքը և հավասարեցնել արտաքին պատերը, որպեսզի վթարային վիճակը վերանա, և հնարավոր լինի բեմադրություններ ներկայացնել: Երկրորդ փուլում պետք է դահլիճը վերանորոգվի, լուսավորության համակարգը թարմացվի:  160-ամյա պատմություն ունեցող թատրոնը վեցերորդ տարին է՝ իր բեմում ներկայացումներ չի տվել, սակայն գործունեությունը չի դադարեցրել. մեկ տարում 4-5 նոր բեմադրություն է պատրաստել՝ դրանք ներկայացնելով Թբիլիսիի տարբեր թատրոններում, այլ քաղաքներում, նաև՝ Հայաստանում: Վրաստանի կառավարությունը թատրոնի շենքային պայմանները բարելավելու համար 2 մլն լարի է հատկացրել (որը հավասար է 1 մլն 215 հազ. դոլարի), և առաջին 65 հազարն արդեն փոխանցվել է:   
Մեկ դար առաջ հայկական շնչով ապրող Թբիլիսիում այսօր չափազանց քիչ մշակութային օջախներ են մնացել, փակվել են բազմաթիվ հայկական դպրոցներ, և հայոց լեզուն, մշակույթն ու ոգին շատ են թուլացել: Ասել է թե՝ Հայաստանից դուրս պետականի կարգավիճակ ունեցող այս միակ պետական թատրոնը երբեմնի հայաշունչ քաղաքում շատ անելիքներ ունի: Չմոռանանք Վրաստանի կազմում գտնվող Ջավախքի, հայաբնակ այլ տարածքների մասին ևս, որտեղից վերջին տասնամյակներին շատ ահազանգեր են հնչել, թե ոտնահարվում ու ճնշվում են հայերի իրավունքները, ձախողվում են մշակութային ու կրթական ծրագրեը: Այդ պետության մեջ հայկական պետական թատրոնի առկայությունն իսկ նրանց համար սփոփանք է և հոգևոր վերելքի օջախ: Բացի այդ՝ Թբիլիսիի հայկական թատրոնները ժանանակին հայոց թատերական արվեստի այնպիսի գոհարներ են ներկայացրել, այնպիսի դերասանների են փառքի գագաթնակետին հասցրել, որ չեն կարող այսօր լիովին սպառված լինել: Անթեղված կրակը, հնարավոր է՝ դեռ բոցավառվի: