Հարթաքանդակների թանգարան՝ Հանքավանի երաժշտական այգում

«Տեր կանգնենք, մեր ունեցվածքին, հանրահռչակենք այն և փրկենք մոռացությունից».
 
Որպես սթափության կոչ էին հնչում Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի հնչեցրած այս խոսքերը՝  երաժշտական այգու խորհրդանշան-արձանների բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
 
Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում այսօր կրկին հավաքվել էին մշակույթի գործիչներ, մշակութասերներ: 
 
ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում հիմնադրված «Նաիրի» երաժշտական այգում հանդիսավորությամբ բացվեցին հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձանները: Փառատոնի գլխավոր հովանավորն է ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը: 
 
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամները, հյուրեր:
 
Ողջունելով փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց.
 
- Կարծում եմ՝ այսօր, իրոք, խորհրդանշական օր է: Իրականություն դարձավ բոլորիս երազանքը՝ ունենալ ազգային երաժշտական ժառանգության, հայ երաժշտությունը, երաժշտարվեստը խորհրդանշող հարթաքանդակների թանգարան: Մշակութային մերօրյա խառնարանում պետք է ավելի զգոն լինենք՝ ազգային ու միջազգային բոլոր հարթակներում տեր կանգնենք մեր ունեցվածքին, հանրահռչակենք այն և մոռացությունից փրկենք մեր ինքնության պահպանման կարևորագույն գրավականներից մեկը հանդիսացող երաժշտական, մշակութային ժառանգությունը: Շնորհակալ եմ պարոն Հարոյանին՝ այս մտահղացման համար, քանդակագործ Յուրի Պետրոսյանին, ճարտարապետներ Ասլան Մխիթարյանին և Հայկ Մկրտչյանին, այս տան տիրոջը՝ Գրիգոր Ղուկասյանին հյուընկալության և աջակցության համար:
 
Այգու բացման կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հավելեց.
 
- Խորհրդանշական է, որ մենք բացառիկ ձևով ենք մոտենում մեր  մշակույթի պահպանման և սերունդներին փոխանցելու կարևորագույն գործին:
 
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը այս այգին բացառիկ երևույթ է համարում ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների համար:  
Իսկ փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը համոզված է՝ 
 
- Արվեստը հրաշագործ ուժ ունի, ամենամեծ զենքն է: Հայրենասիրություն է ցուցադրված՝ ոչ թե խոսքով, այլ գործով: Այս փառատոնը պետք է դառնա համահայկական, և միավորի աշխարհասփյուռ հայերին: Այսօր պատմական իրադարձության շեմին ենք կանգնած: 
 
Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց տոնական համերգով:
 
Սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխություն-շքահանդեսը: