Նրանց գործն էլ մորթելն ու վայրահաչելն է

«ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ՖԻԼՄԻ ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍԹԵՐԻԱՅԻ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Զարմանալի կլիներ, եթե տխրահռչակ մեր հարևանները վայնասուն չբարձրացնեին: Երևում է՝ լրացուցիչ լիցքեր են ստացել իրենց առաջնորդի ու նրա հոր հասցեին ռուս կոմունիստ Զյուգանովի գովեստներից ու մտածում են, թե իրենց հիսթերիային արձագանքող կլինի: Չնայած՝ զվարճանալու համար զավեշտի շրջանակներում արժե դրա մասին խոսել:
 
Իսկ իրողությունն այն է, որ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում՝ արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը դրական բուռն արձագանք է գտել Վենետիկում (և՝ ոչ միայն): Իսկ դա չէր կարող նոր ջուր չլցնել ադրբեջանցոց ատելության ջրաղացին:
 
Մասնավորապես՝ բացի մամուլի հրապարակումներից, այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան, «ՍիԲիՍի» հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտնելով իր վրդովմունքը, այնուամենայնիվ, հուսահատություն է հայտնել՝ ասելով. 
 
- Մենք կարող ենք դադարեցնել այդ գործընթացը՝ միայն այդ թեմայով ավելի շատ ֆիլմեր նկարահանելու և դրանք ցուցադրելու միջոցով, սակայն նույնիսկ եթե դա տեղի չունենա, ապա հնարավորություն կստեղծվի պատմել իրականության մասին և այն կլսվի (տեղեկացրել է «Արցախպրես»-ը):
 
Ադրբեջանական հիսթերիային անձամբ կինոռեժիսորը շատ հանգիստ է վերաբերվում: Եվ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ այն սպասելի էր և որևէ կերպ չի կարող խանգարել իր աշխատանքին: 
 
- Ես իմ պայքարի ձևն եմ ընտրել աշխարհին ցույց տալու և ապացուցելու իրական ճշմարտությունը,- ասել է կինոռեժիսորը: - Ավելին՝ այժմ աշխատում եմ իմ հաջորդ նախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի վրա, որը մեկ այլ դիտանկյունից կներկայացնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և մարդկային ճակատագրերի վրա դրա ազդեցությունը: