Ի պաշտպանություն «բենգալյան ահաբեկիչների՞»

ԹԵ՞ ԸՆԴԴԵՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր պարտքն է համարել աշխարհին մարդասիրության նոր դաս տալ: Նա հայտարարել է, թե Մյանմայի ճգնաժամը քննարկել է իսլամական 20 երկրների ղեկավարների հետ և մտադիր է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում:

Հարավարևելյան Ասիայում գտնվող այս երկիրը` ավելի քան 53 մլն բնակչությամբ, Էրդողանի ուշադրության կենտրոնում է հայտնվել` այտեղ բնակվող մուսուլման փոքրամասնության պատճառով: Նախկինում Բիրմա անունով հայտնի այս պետությունը հարուստ է նեֆրիտների, թանկարժեք քարերի, նավթի ու բնական գազի, հանքային այլ հանածոների պաշարներով:

Մյանմայում իսլամ դավանող ռոհինջա ժողովրդի նկատմամբ հալածանքներն են, իբր, Էրդողանին մղել` արդարության ու մարդասիրության դրոշակ պարզել: Հայտնի է, որ այդ երկրի զինված ուժերը Ռաքհայն նահանգը իսլամական գրոհայիններից զտելու գործողություններ են իրականացնում, որոնց մյանմայական լրատվամիջոցները «բենգալյան ահաբեկիչներ» են անվանում։

- Ես արդեն դա քննարկել եմ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ շուրջ 20 երկրների առաջնորդների հետ և բանակցությունները շարունակում եմ։ Սեպտեմբերի 19-ին մենք այդ հարցը կբարձրացնենք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում և կքննարկենք համաշխարհային առաջնորդների հետ։ Ցավոք, Մյանմայում մուսուլմանների զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, սակայն աշխարհը դրանց նկատմամբ անտարբեր է,- հայտարարել է Էրդողանը։

Թե ինչ է նշանակում իսլամիստ ահաբեկիչ և ինչեր կարելի է նրանցից սպասել` աշխարհում ոչ մեկի համար գաղտնիք չէ: Որ իսլամիստներն իրենց ճիրանները տարածում են մոլորակի ցանկացած կետում, որտեղ իսլամ դավանող թեկուզ փոքրիկ հանրություն կա, սա էլ գաղտնիք չէ: Այն էլ բացառված չէ, որ որևէ պետություն ցանկանա իր երկրում հարցեր լուծել` ահաբեկիչներին պարզապես որպես պատրվակ օգտագործելով: Ինչպես վարվում է հենց ինքը` Էրդողանը:

Մի բան հաստատատ է` «ռոհինջա ժողովրդի հալածանքները» Էրդողանին քիչ են հետաքրքրում և «աշխարհի անտարբերությունն» էլ նրան բնավ չի զարմացնում: Սա ուղղակի հարմար առիթ է` մոլորակի իսլամադավան բնակիչությանը հաճոյանալու և ՄԱԿ-ի բարձր ամբիոնից որպես մարդասեր ճամարտակելու համար: Իսկ նման բաները Թուրքիայի նախագահին առայժմ լավ էլ հաջողվում են: