«Խնդիրը ռազմական լուծում չունի»

ՔԱՆԻ ԴԵՌ ԽՆԴԻՐ ԼՈՒԾՈՂԸ ՀՈԳԼԱՆԴՆԵՐՆ ՈՒ ԿԱՍՊՐՇԻԿՆԵՐՆ ԵՆ

Երեկ` սեպտեմբերի 4-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել են հյուսիսկորեական ճգնաժամի խնդիրը: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, թե այն ռազմական լուծում չունի:

- Չի կարող չվշտացնել այն փաստը, որ ԿԺԴՀ ղեկավարությունը` միջուկային զենքի չտարածման համաշխարհային կարգը խախտող իր գործողություններով, Կորեական թերակղզու ու ամբողջ աշխարհի խաղաղության ու անվտանգության համար մեծ սպառնալիք է ստեղծում։ Նման քաղաքականությունը շարունակելը կարող է ծանր հետևանքներ ունենալ հենց ԿԺԴՀ-ի համար։ Միաժամանակ մեզ համար ակնհայտ է` Կորեական թերակղզու խնդիրները չեն կարող ռազմական լուծում ունենալ,-ասել է Նեբենզյան։

Ռազմական որոշումը, ըստ բանախոսի, Կորեական թերակղզու տարածքում ծագած հակամարտությունը չի կարգավորի:

Սրան հակառակ` ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատերազմի հասնելու համար ջանք չի խնայում, իսկ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները ցանկալի արդյունքը չեն տվել:
Սա ևս մի հակամարտություն է, որը, միջազգային ատյանների ղեկավարների կարծիքով` ռազմական լուծում չունի:

Հիշենք` ամեն օր հայտարարություններ են տարածվում, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի: Ու այս հայտարարությանը զուգահեռ, ամեն ինչ անում են, որպեսզի բանը պատերազմի հասնի: Դրա համար շատ հեռուն գնալու հարկ չկա: Հենց միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրաժեշտի ելույթն ինքնին պատերազմի հրահրում էր, և դրա հետևանքները դեռ հեռուն կգնան: Խոսելով ազատագրված տարածքները լենինաստալինակերտ Ադրբեջանի կործանարար գերիշխանության ներքո վերադարձնելու պարտադրանքի մասին, նա մինչև վերջին մակարդակը գրգռում է Ադրբեջանի ախորժակը, իսկ հայերին մղում` զենքի ուժով տեր կանգնել նախնիների հողին:

Սա ավելի շատ տվյալ անձի անմեղսունակությունն է ենթադրում: Պակաս հրահրիչ չէր օգոստոսի 31-ին Չինարիում դիտարկում իրականացնող խմբի ուղղությամբ տեղի ունեցած հրաձգության առիթով ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի պահվածքը: Դիտարկում իրականացնող այս պաշտոնյան կորցրել է կողմնորոշումը ու  չի կարողանում տարբերել, թե կրակոցը որ կողմից է հնչել… Թոշակի գնալու կամ պաշտոնանկվելու ժամանակը չէ՞:

Անմեղսունակ Հոգլանդն ու կողմնորոշումը կորցրած Կասպրշի՞կն են, որ պետք է ապահովեն «խնդիրը ռազմական լուծում չունի» բանաձևի կատարումը: 

Հայն ասում է` նույն ջուրն է, նույն ջրաղացը: Հյուսիսային Կորեայի խնդրի լուծումը միայն խաղաղ ճանապարհով տեսնող միջազգային գործիչներն իրենց գործողություններով ու հայտարարություններով արդյո՞ք նույնքան չեն պատերազմ հրահրում, որքան Արցախի պարագայում է:
Եթե աշխարհի բախտը հոգլանդների ու կասպրշիկների ձեռքին է (և ամենևին նշանակություն չունի, թե որ երկիրն են նրանք ներկայացնում. բոլորին միայն սեփական ամենակուլ շահն է առաջնորդում), օրեցօր բազմացող հակամարտությունների համար խաղաղ լուծումներ չեն գտնվելու: