Էրդողանի պատանդները

Գերմանիայի Բունդեսթագի թուրքազգի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը Թուրքիայի նախագահ Էրդողանին հանցագործ է անվանել:

Գերմանական հեռուներից Թուրքիայի իշխանությունների դեմ դուրս եկած Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համահեղինակն է: Հիմա էլ  ահա արձագանքել է սեպտեմբերի 1-ին Անթալիայում երկու գերմանացիների ձերբակալությանը: Թուրքական «Դիքեն» պարբերականը մեջբերել է Օզդեմիրի խոսքերը.

- Էրդողանը ոչ թե երկրի նախագահն է, այլ մարդկանց պատանդ վերցնող հանցագործ: Թուրքիայում այլևս ոչ մեկի անվտանգությունն ապահովված չէ:

Ընդհանուր առմամբ` Թուրքիայում ձերբակալված է Գերմանիայի 55 քաղաքացի:

Նրանց ձերբակալությունից զայրացած` Անգելա Մերկեն էլ նշել է, թե անհրաժեշտ է իսկույն վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները և, ընդհանրապես, այդ երկրի նկատմամբ վարվող քաղաքականությունը: Ուստի անսպասելի չէ, որ Բեռլինը մերժել է Թուրքիայի պահանջը` սառեցնել Ֆեթուլահ Գյուլենի` Գերմանիայում բնակվող կողմնակիցների բանկային հաշիվները: Մերժումը հիմնավորվել է նրանով, որ դրա համար «բացակայում է իրավական հիմքը»:

Վերջին տարիներին Էրդողանն ամերիկաբնակ կրոնական գործիչ Գյուլենին թշնամի էր համարում, բայց անցած ամռան ռազմական հեղաշրջման փորձից հետո բացեիբաց մեղադրեց այն կազմակերպելու համար և ԱՄՆ-ից պահանջում էր նրան արտահանձնել Թուրքիային: ԱՄՆ-ը հրաժարվել է, հիմա էլ Գերմանիան է մերժում հնարավորություն ստեղծել, որ Էրդողանի հակառակորդները պատժվեն:

Այսքանից հետո ի՞նչ է մնում Էրդողանին, եթե ոչ ձեռքն ընկած գերմանացիներին ձերբակալել: Երևում է` որոշել է թուրքավարի նրանց պատանդ պահել, և Օզդեմիրն այս բառն օգտագործելով` հենց թիրախին է խփել: Ոչ մի կասկած, որ Օզդեմիրն ինքն էլ պատանդ կվերցվի, եթե համարձակվի ոտք դնել Էրդողանի ղեկավարած պետություն: Չէ՞ որ Թուրքիայում ճշմարտությունն ասելը հակացուցված է: