Հիմա էլ Մեծ Բրիտանիայի՞ խորհրդարանականները

Ահաբեկչությունը դարձել է Երկիր մոլորակի դեմքը: Մարդիկ այնքան շատ են դրանց մասին հաղորդումներ լսում, որ արդեն սկսել են անտարբերությամբ ընդունել: Մտքի ծայրով հաշվում են զոհերի, վիրավորների, վնասների քանակը, ապա շուտով մոռանում` մինչև հաջորդ հաղորդումը: Իսկ այդ հաջորդը չի ուշանում: Տարվա 365 օրից քանի՞սը կլինի, որ զերծ մնացած լինի այդ անմարդկային ախտից: Երևի չկա:

Այսօր երկրագնդի վրա ի՞նչն է շատ՝ զենքը: Համարյա թե ով ցանկանա, կարող է խանութ մտնել ու իրեն դուր եկած հրազենը կամ սառը զենքը գնել: Իսկ երաշխիք, որ այդ գնորդը զենքը չի ուղղելու իրենց գործերով խաղաղորեն զբաղված մարդկան հոծ բազմության վրա` պարզապես չկա: Կրակահերթեր, պայթեցումներ, պատանդառություն, սպանություններ… Եվ ահա մի նոր հաղորդում:

Մարտի 22-ին սևազգեստ մի մարդ ավտոմեքենայով խրվել է մարդկանց բազմության մեջ, ապա մի քանիսին դանակահարել:  Դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ՝ Վեստմինստերյան կամրջի վրա և մեծ իրարանցում առաջացրել: Տարբեր լրատվամիջոցներ հայտնել են, որ զոհվել է չորս մարդ, վիրավորվել է քսանը: Զոհվածների թվում է նաև ահաբեկիչը: Ոստիկանները պնդել են, որ նա միայնակ է գործել:

Բրիտանացի խորհրդարանականներն իրենց թուիթերյան էջերում լուսանկարներ են հրապարակել, որոնցից երևում է, որ նրանք շենքի ներսում արգելափակված են: Հետաքրիր է՝ այդ պահին գոնե մտածե՞լ են, որ նաև իրենց ընդունած օրենքներով ու իրենց գործելակերպով են այդ օրը նախապատրաստել:

Կատարվածի առնչությամբ ՀՀ արտգործնախարարության թուիթերյան էջում հետևյալ գրառումն է տեղ գտել. «Մեր մտքերը Վեստմինստերյան սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Մենք համերաշխ ենք ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին»: 

Իսկ ամենահզոր զենքերը շարունակելու են հայտնվել բախտախնդիրների, մարդատյացների, բռնության սիրահարների, խելագարների, թերարժեքությունից տառապողների ձեռքերին: Արդեն շատ ուշ չէ՞ ինչ-որ բան ուղղելու համար: Վախի ու տագնապի մի քանի ժամը իրեն աշխարհի տերը համարող Մեծ Բրիտանիայի օրենսդիրների համար գոնե մի փոքրիկ դաս կլինի՞: Աշխարհում ամեն օր ահաբեկության ենթարկվող հասարակ մարդկանց մաշկի մեջ իրենց զգացի՞ն արդյոք:

Հազիվ թե… Դատապարտող խոսքերից բացի, համարյա ոչ մի գործնական քայլ չի արվում, իսկ դա հեղեղի դեմ թղթե պատնեշ է: