Աշխարհի վերջին սպասելիս

Մինչ աշխարհակալության տենչը մոլորակի հզոր տերություններին մղում է իրենց զինանոցներում ամբարել Երկիրը xyz-ապատիկ ոչնչացնելու զորություն ունեցող զինատեսակներ, տարբեր տրամաչափի գիտնականներ ահազանգում են բնական և արհեստածին աղետների մասին, որոնք կարող են մարդկության վերջն ավելի շուտ տալ, քան դրանք: Այդպիսի գիտնականները տարբեր ամբիոններից ահազանգ են հնչեցնում: Ցավոք` առայժմ լիովին ապարդյուն:

Օրերս դրան անդրադարձել է ամերիկացի գիտնական Միթիո Կակուն` խոսելով բազմաթիվ բնական աղետների մասին, որոնք կարող են մոլորակը կործանել: Գիտնականը բոլոր երկրների իշխանություններին կոչ է արել իրենց գործունեությունն ուղղել հանուն մարդկության ընդհանուր բարօրության (օane.ws-ի փոխանցմամբ):

Միթիո Կակուն շրջակա միջավայրի ու բնության կործանարար ազդեցությունից մարդկության փրկությանը նվիրված տարբեր համաժողովներում ու նիստերում հադես գալով` ասում է, որ հրաբխային ժայթքումները, երկրակեղևի ակտիվությունը, զանգվածային ջրհեղեղներն ու ցունամիները ընդամենը փոքր մասն են այն ամենի, ինչն ապագայում սպառնում է մարդկությանը:
Նա բոլոր երկրների ղեկավարներին համառորեն խորհուրդ է տալիս անտարբեր չմնալ եղանակային փոփոխությունների հանդեպ և սկսել միասին գործել, քանի դեռ հնարավոր է նվազագույնի հասցնել սպասվելիք աղետալի փոփոխությունների հետևանքները:

Այս տեսանկյունից ուշագրով է ամերիկացի ուրիշ գիտնականների հետազոտությունների արդյունքը: Ինչպես հայտնի է` գիտնականներն ահազանգում են մոլորակի համապարփակ տաքացման մասին և դրա պատճառը հիմնականում մարդու չհաշվարկված գործունեությունն են համարում: Ուսումնասիրելով օվկիանոսի հատակի 55 մլն տարվա հնության շերտը (համարվում է, որ մեկ այլ տաքացում էլ այդ ժամանակ է եղել), ամերիկացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ պատճառը հրաբխային ժայթքումներն են եղել` երկարատև և աննխադեպ ուժգին:

Դրանք մթնոլորտ են արտանետել 40 տրիլիոն տոննա ածխաթթու գազ, ինչի հետևանքով էլ մոլորակի եղանակային բնութագիրը միանգամայն փոխվել է: Այժմ, ըստ օane.ws-ի հրապարակումներից մեկի, տարեկան մոլորակի մթնոլորտ են արտանետվում 34 մլրդ տոննա աղտոտող նյութեր: Սա, իհարկե, հեռու է նախորդ տաքացումն առաջացրած նյութերի քանակից: Բայց եթե հիշենք, թե վերջին տարիներին որքան են աշխուժացել մոլորակի տարբեր կետերի հրաբուխները` ապա տագնապելու պատճառ, իհարկե, կա:

Կարելի է ասել` այժմ մարդն ու բնությունը մրցակցության մեջ են մտել, թե որն ավելի շուտ կբերի աշխարհի վերջը, ինչի մասին հազարավոր հեքիաթներ ու առասպելներ են տարածվել: Իսկ դրանք, ինչպես հայտնի է` այն ծուխն է, որն իրական կրակից է բարձրանում: Աշխարհում տիրող իրավիճակին նայելով` դժվար է հուսալ, թե Միթիո Կակուի նմանների կոչերը կարող են արձագանք գտնել:

Բայց` ո՞վ իմանա: Մեկ էլ տեսար…