ԿԺԴՀ կիրակնօրյա չար կատակը

Երեկ` սեպտեմբերի 3-ին, Հյուսիսայի Կորեայի իշխանությունները բառի բուն իմաստով ցնցել են տարածաշրջանը: Այնտեղ իրականացվել է ջրածնային ռումբի փորձարկում, որը ութապատիկ ավելի հզոր է եղել (120 կիլոտոննա), քան 1945թ. Հիրոսամայի վրա նետված ամերիկյան ատոմային ռումբն էր` 15 կիլոտոննա (նման հաշվարկ ներկայացվել է ռուսական «Վեստի» կայքում): Այս փորձարկումից, ճիշտ է, միջավայրի վրա ռադիոակտիվ ազդեցություն չի գրանցվել, սական ցնցվել է երկրակեղևը:

Ճապոնական իշխանությունների տվյալներով` ցնցումների ուժգնությունը 6,1 բալ է եղել, ամերիկացի և չինացի մասնագետներն այն 6,3 բալ են գնահատել, Սախալինում հայտարարել են 5,7 բալ ուժգնության մասին, իսկ Կամչատկայում` 6,4: Նույն «Վեստին» իր «Միջուկային երկրաշարժ ԿԺԴՀ-ում» հրապարակման մեջ նշում է, թե արհեստական երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը 7-7,5 բալ է եղել, որը Պրիմորիեի բնակիչները զգացել են 3-4 բալի չափով: Ցնցումներին ուղեկցող երևույթները տարածաշրջանի բնակիչներին շատ են զարմացրել և վախեցրել, քանի որ երկրագնդի տվյալ հատվածը երկրաշարժակայուն գոտում է գտնվում:

Անհանգստացնող մեկ այլ հաշվարկ. երբ նախորդ անգամ` 2016թ. սեպտեմբերին, Հյուսիսային Կորեայի փորձարկած միջուկային զենքի ուժգնությունը, նորվեգացի փորձագետների գնահատմամբ, եղել է 20 կիլոտոննա: Սա համարժեք է Նագասակին ոչնչացրած ռումբին: Մեկ տարում հզորությունը վեցապատկվել է:
Իր «հերոսական» արարքով հպարտ ԿԺԴՀ ղեկավարությունը, այդ լուրը հանրությանը հայտնելու համար, եթեր է հրավիրել կորեական յուրօրինակ Լևիտանին` կենսաթոշակի անցած հաղորդավարուհի Ռի Չուն Հիին, ով նախկինում պետական կարևորության լուրերն էր հաղորդում: 70-ամյա կինն այնքան մեծ կարևորություն է տվել հաղորդվող լուրին, որ եթերում մի քանի անգամ հուզմունքից ցնցվել է:

Աշխարհի արձագանքը, ինչպես և սպասելի էր, չի ուշացել: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ԿԺԴՀ գործողություններն ուղղակի սպառնալիք են ԱՄՆ-ի համար: Իսկ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, թե իրենք Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նոր նախագիծ են կազմելու: Նա նշել է, որ կարող են ԿԺԴՀ-ի կետ առևտուրն ամբողջովին դադարեցնել:
 

- Եթե մյուս երկրներն ուզում են ԱՄՆ-ի հետ բիզնես ունենալ, ուրեմն պետք է մեր դաշնակիցների ու այլ երկրների հետ աշխատեն Հյուսիսային Կորեան մեկուսացնելու ուղղությամբ,-ըստ էության միաժամանակ և′ կոչ, և′ սպառնալիք է հնչեցրել Միացյալ Նահանգների ֆիննախարարը։

Այս թեմայով հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրանք կողմ են արտահայտվել Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ պատժամիջոցների խստացմանը («La Libre» պարբերականն է հրապարակել)։ Մերկելն ու Մակրոնը ասել են, թե Փհենյանի վերջին սադրանքը աննախադեպ է և ոտնահարում է միջազգային իրավունքը։ Այդ պատճառով էլ միակարծիք են, որ ՄԱԿ ԱԽ-ի հետ միասին պետք է գործեն նաև ԵՄ-ի կառույցները:

Թե որքանով կարող են այս պատժամիջոցները մեղմել ԿԺԴՀ  ռազմատենչությունը` մնում է անհասկանալի: Աշխարհը չգիտես` չի՞ կարողանում, թե՞ պարզապես չի ցանկանում ընդունել, որ մոլորակի վրա տևական խաղաղության հասնելու համար նախկին միջոցները վաղուց սպառվել են: Պետք է ամեն ինչ հիմնահատակ վերափոխվի: Եվ առաջին հերթին` պատկերացումները մարդու բարոյականության ու պետությունների դերի վերաբերյալ: