Տխրահռչակ հաղթանակը քանդում է Էրդողանի կուսակցությունը

Թուրքիային «քարկոծելու» հերթափոխը Գերմանիայից ընդունել է Մեծ Բրիտանիան: Օգտվելով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման 16-ամյակի առիթից՝ «Ֆայնենշլ թայմս» հեղինակավոր պարբերկանը անդրադարձել է Թուրքիայի ներկա քաղաքական վիճակին և իշխող կուսակցության ներսում սկսված ճգնաժամին:
 
Հիշեցնենք, որ թուրք քրդամետ պատգամավոր և Էրդողանի նախկին զինակից Դենգիր Միր Մեհմեդ Ֆրաթը հենց վերջերս ասել էր, թե այդ կուսակցությունը ներսից փտում է, և Էդդողանն արդեն գարշահոտն զգում է: 
 
Այնպես որ՝ բրիտանական պարբերականի անդրադարձը բնավ էլ հիմքից զուրկ չէ: Իսկ քանի որ իշխող կուսակցությունում տիրող իրավիճակը ուղղակիորեն անդրադառնում է Թուրքիայի ներքին դրության և արտաքին քաղաքական հարաբերւթյունների վրա, այնտեղ տիրող վիճակը ուշադրության կենտրոնում է մնում:     
 
«Ֆայնենշլ թայմս»-ը զրույցի է հրավիրել թուրք քաղաքական գործչի, ով Թուրքայի իշխող կուսակցության անդամ լինելով՝ գերադասել է անունը գաղտնի պահել: Նա ասել է, որ կուսակցության ներսում խորին ընկճվածություն է տիրում, և դա ավելի է խորացել ապրիլին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երբ իշխանությունը հաղթեց ընդամենը 1%-ի առավելությամբ: 
 
Էրդողանի կուսակիցը նշել է, թե այդ տխրահռչակ հաղթանակը և նախկինում ունեցած քվեների տոկոսային կորուստը նա որպես մարտահրավեր է ընդունել, ու հիմա փորձում է խնդիրը լուծել կադրային ներքին զտումներով:
Մինչդեռ, ըստ պարբերականի զրուցակցի, այժմ Էրդողանի ուսերին է դրված երկրի տնտեսական խնդիրների լուծումը, արտաքին քաղաքականության մեջ՝ Սիրիայի հիմնախնդիրը, ԱՄՆ-ի ու ԵՄ հետ հարաբերությունների կարգավորումը: Իսկ այս ամենը նրա համար շատ դժվար շրջան է կանխատեսում:
 
Ի լրումն սրա՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում Եվրամիության դեսպանների ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան իր կատարած քայլերով հեռանում է Եվրոպայից: Նա ուղղակիորեն նշել է, որ ԵՄ-ն պետք է խուսափի «թակարդի մեջ ընկնելուց», իսկ անդամակցության բանակցությունների ձախողման «ամբողջ պատասխանատվությունը Թուրքիան ինքն է կրում: