Պորոշենկոն երազում է

Լվովի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տարվել է երազանքներով: Մարզի բնակիչներին նա ասել է, թե Ուկրաինան հաջողակ երկիր կդառնա և կանդամակցի Եվրամիությանը:
 
- Մեր համատեղ ջանքերի շնորհիվ Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ, և դա տեղի կունենա, քանի որ մենք դրան հավատում ենք: Երկրում ու նրա սահմաններից դուրս որոշ քաղաքական գործիչներ նույնպես հավատում են, որ մենք և՛ ԵՄ-ին, և՛ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար ունենք: Մենք այդ խոչընդոտները կհաղթահարենք, մենք երկիրը կփոխենք: Ուկրաինան կհամապատասխանի այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են անդամակցության հայտ ներկայացնելու համար,-արտահայտվել է Պորոշենկոն:
 
Երազելը, իհարկե, վնաս չէ: Համենայնդեպս, սա նպատակների հստակ շարադրանք է՝ կերտել հաջողակ երկիր, անդամակցել Եվրամիությանը, դառնալ լիիրավ ՆԱՏՕ-ական: Երևում է՝ այդ երկու կառույցներին անդամակցելն էլ հենց Ուկրաինայի նախագահի համար նշանակում է հաջողակ երկիր ունենալ: Մնում է ամենադժվարը՝ համապատասխանել «այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են անդամակցության հայտ ներկայացնելու համար»: 
 
Սակայն Ուկրաինայի արդի ընթացքին կողքից հայացք նետելով՝ դժվար է հավատալ, թե այդ չափանիշները նրան հեշտությամբ կտրվեն: Դրա համար երևի շատ ժամանակ կպահանջվի: Իսկ մինչ այդ հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի օրինակով բոլոր եվրոպական երկրները հրաժարվեն Եվրամիությունից, ու մնա միայն երկու թեկնածու՝ Թուրքիան և Ուկրաինան: