Կորեայի միջուկային «վարքը» անհանգստացնում է

Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է արձակել, որի հեռահարությունը գերազանցել է մնացած բոլոր դեպքերին: Եթե մինչև այժմ հրթիռները ծովն են ընկել` Ճապոնիայի ափերին չհասնելով, այս մեկն անցել է ճապոնական բոլոր կղզիների վրայով և ընկել ամենահեռավոր կղզուց անդին: Ճապոնիան, Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան հարցում են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ:

Իրավիճակին երեկ անդրադարձել է Չինաստանի արտգործնախարարությունը: Երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ այդ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինն ասել է, թե պատժամիջոցների նոր փաթեթը չի կարող լուծում տալ Կորեական թերակղզին միջուկային զենքից ազատելու խնդրին: Այդուհանդերձ, Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին դեմ չի գործի.

- Կորեական թերակղզու հարցում Չինաստանն անկողմնապահ, օրինական դիրքորոշում ունի և իր գործողություններում գործնական ու կառուցողական է: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն համապատասխան բանաձև ընդունի, մենք այն կկատարենք՝ ներառյալ պատժամիջոցները:

Չինացի պաշտոնյան նաև նշել է, թե շատ կարևոր է, որ Կորեական թերակղզու թնջուկը կարգավորվի խաղաղ  ճանապարհով: Ըստ էության` այդ խնդրի խաղաղ կարգավորումն այնքան կարևոր է, որ Միացյալ Նահանգներին հարկադրել է «Ռուսաստանի հետ համատեղ աշխատել»: Լրագրողների հետ հանդիպման ծամանակ այդ մասին խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

- Չպետք է որևէ երկիր Ճապոնիայի 130 մլն բնակիչների գլխի վրայով հրթիռ բաց թողներ: Դա անընդունելի է,-ասել է Հեյլին:

ԿԺԴՀ վերջին գործողությունը համարելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի խախտում` նա ընդգծել է, թե դա պետք է Փհենյանի համար ծանր հետևանքներ ունենա ու նաև հույս է հայտնել, թե սեպտեմբերի 5-ին նշանակված` ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հետ համատեղ կգործեն` թերևս նկատի ունանլով, որ ծանր պատժամիջոցներ կպահանջեն: 

Կասկածից վեր է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային «վարքը» նրան սահմանակից Ռուսաստանին ու Չինաստանին շատ է մտահոգում, իսկ ԱՄՆ-ի սիրած պատժամիջոցները դժվար թե նրան զսպեն: Մյուս կողմից էլ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկյան կողմը օրերս կարծքի էր հայտնել, թե դրանով պատերազմական թեժ գործողություններն են կանխվել: Բայց եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն իր բանաձևով ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի, դրանով նրան խաղաղության կմղի՞ կամ կստիպի՞, որ միջուկային զենքից հրաժարվի: Չինաստանը, անշուշտ, ճիշտ է անում, որ դրան չի հավատում:

Աշխարհում խաղաղություն հաստատելու համար մարդկության մինչև այժմ կիրառած միջոցները հակառակ ազդեցություն են ունենում: Դրա հետ էլ ավելի վտանգավոր են դառնում  ԿԺԴՀ գործողությունները: Օգոստոսի 29-ին արձակված հրթիռը քանի՞ ճապոնացու է խուճապի մատնել` նրանց պետությանը ստիպելով համարժեք պատասխան տալ…