Նավթառատ Քիրքուքն էլ է ուզում Քրդստանի հետ անկախանալ

Նավթառատ Քիրքուքն էլ է ուզում Քրդստանի հետ անկախանալ
Քրդստանի անկախության հանրաքվեին մասնակցելու հայտ է ներկայացրել Իրաքի Քիրքուք նահանգը:

Նահանգապետ Նաջմուդդին Քարիմը հայտարարել է, թե նման որոշում է կայացրել նահանգային խորհուրդը: Բայց, քանի որ այս նահանգում նաև մեծ թվով արաբներ ու թուրքմեններ են ապրում, խորհրդի այդ որոշումը կարող է ավելի մեծացնել միջէթնիկական լարվածությունը («Ռոյթերս» պարբերականն է փոխանցել): Ոչ մի կասկած` որ դրան խիստ դեմ է նաև պաշտոնական Բաղդադը:

Ինքնավար Քրդստանի իշխանությունները վերահսկում են նավթով հարուստ Քիրքուքի տարածքը և այն համարում քրդական հող, մինչդեռ Իրաքի իշխանությունները պնդում են, որ այն երբեք Քրդստանի կազմում չի եղել: Քրդաստանի իշխանությունները մինչ այդ հայտարարել էին, թե նահանգային խորհրդրի որոշելիքն է` մասնակցե՞լ սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեին, թե՞ ոչ: Ահա և խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել մի հանրաքվեի, որը Իրաքի իշխանությունները հակասահմանադրական են համարում:

Նավթով հարուստ այս շրջանը կարող է մի նոր կռվախնձոր դառնալ Իրաքի և Արևմուտքի հովանավորությամբ պետություն ստեղծող քրդերի միջև: Իսկ դա հնարավոր է` Եվրոպայի համար փախստականների նոր հոսք «կապահովի», մինչդեռ ռուսական «Վեստիի» բնարոշմամբ` նրանց հոսքն արդեն տառացիորեն ողողում է Եվրամիության երկրները: Եվրոպան էլ արդեն սկսել է դրա դեմ գործնական քայլեր անել: Պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիան պատրաստ է 2500 եվրո վճարել յուրաքանչյուր փախստականի, ով մինչև տարեվերջ կվերադառնա իր հայրենիքը: 

Տարածված լուրերի համաձայն` Եվրոպան  փախստականների առջև փակում է դռները: Գոնե անօրինական ներգաղթյալներին այլևս չի ընդունում: Ֆրանսիայում նաև խոսել են նոր կանոնակարգ մշակելու մասին, որը կկարգավորի ներգաղթը, քանի որ առկա կանոնակարգը փախստականնների` հայրենիք վերադառնալու գործում բարդություններ է առաջացնում:

Ահա այսպես` Արևմուտքը մի ձեռքով փախստականների հոսք է առաջացնում, մյուս ձեռքով փորձում է փակել հունից դուրս եկած հոսանքի ճանապարհը: Իսկ երբ մի ձեռքը հաշվի չի առնում, թե ինչ է անում մյուսը, ցավացողը գլուխն է լինում, որից էլ տուժում է մտածելու կարողությունը: Աշխարհն իր համար գլխացավանքներ է ստեղծում, հետո ահը սրտում` սկսում դրանց համար լուծումներ գտնել:

Քրդական հանրաքվեի գաղափարը վաղուց է դասվել նման գլխացավանքների շարքը. մնում է սպասել ծանր հետևանքներին: