Ճշմարտությունը «տաբու»-ով չես վերացնի

Մինչ Թուրքիայի խորհրդարանը խոսքի ազատություն հռչակած մեր դարում արգելում է «Հայոց ցեղասպանություն» կամ «Քրդստան» բառերի օգտագործումը, հասարակության շրջանում մեծանում է հետաքրքրությունը մեր երկրի պատմական անցյալի, տարածաշրջանում թուրք տարրի հայտնվելու վերաբերյալ: Արդեն չվստահելով թուրքական աղբյուրներին` լրատվամիջոցներն սկսել են ճշմարտությունը փնտրել ավելի հավստի վկայություններում:

Այսպես, «Սի-Էն-Էն Թուրք»-ի խմբագիրներից մեկը`թուրք լրագրող Սերդար Քորուջուն, «Բիանետ» պարբերականում անդրադարձել է 1071թ. Մանազկերտի ճակատամարտին: Ըստ պաշտոնական պատմագիտության` Փոքր Ասիա թուրքերի լայնածավալ մուտքն այդ ժամանակ է տեղի ունեցել: Հոդվածի հեղինակը, սակայն, թուրքական պատմագիտության փոխարեն այդ պատմական իրադարձությունն առաջին անգամ ներկայացնում է` հղում անելով հայ պատմիչներին, հիմնականում Արիստակես Լաստիվեցուն և Մատթեոս Ուռհայեցուն: Քորուջուն իր հրապարակման մեջ հստակորեն նշում է` Փոքր Ասիայում թուրքերի նախնիների հայտնվելուց առաջ տեղի բնիկները հայեր են եղել:

- Հայկական աղբյուրները սելջուկյան պատմությունն ուսումնասիրելու համար շատ կարևոր դեր ունեն: Դրա բուն պատճառն այն փաստն է, որ սելջուկների արշավանքներն անցել են հայերի մայր հայրենիքով: «Անատոլիայի գրավումը հայկական աղբյուրների աչքերով» իր հոդվածում այդ մասին խոսում է նաև թուրք պատմաբան և պրոֆեսոր Իբրահիմ Թելիօղլուն: Նա խոսոտվանում է, որ եթե հայկական աղբյուրները չլինեին, հնարավոր չէր լինի հասկանալ, թե ինչպես են սելջուկները Անատոլիան իրենց հայրենիքը դարձրել,- նշել է հոդվածագիրը:

Մեկ այլ թուրք լրագրող`«Քոփունտու» կայքի սյունակագիրներից, գրել է, թե այսօրվա թուրքերը սկսել են փնտրել այնպիսի բաներ, որոնք ժամանակին իրենք են ոչնչացրել: Անվտանգության նկատառումով իր անունը չհրապարակելով` հեղինակը գրել է, թե հույներից ու հայերից Թուրքիային մնացած ժառանգությունն արդեն ոչնչացման եզրին է, իսկ երկիրը շենացնող քրիստոնյաները հիմա շատ հեռու են: Մինչդեռ ամառային հանգստի համար զանգվածաբար Հունաստան գնացող թուրքերը վերադառնում են` հիացած մարդկային վերաբերմունքից և քաղաքակրթության մակարդակից:    

- Հույներին ու հայերին քշել ենք, հիմա էլ նրանց հետևից ախուվախ ենք անում,-եզրակացնում է անանուն լրագրողը:

Այս երկու լրագրողին էլ, չի բացառվում, դռնբաց սպասում է անցած ամառվանից աննախադեպ բանուկ դարձած թուրքական բանտը: Սակայն հենց միայն այն հանգամանքը, որ նրանք համարձակվել են այսօրինակ հրապարակումներով թուրք հասարակությանը ակնարկել պարտակվող ճշմարտության մասին`շատ բանի մասին է խոսում: Ու առաջին հերթին նրա, որ հնարավոր չէ բոլորին կերակրել դարավոր ստերով,  «մարսողական համակարգը» մի օր խափանվում է: Իսկ այդ ճշմարտությունը կարող է Թուրքիան հիմքից ցնցել: Ահա թե ինչու է փորձում զանազան «տաբու»-ներով դրա առաջն առնել:

Բայց, ինչպես երևում է` ջինը շշից դուրս է եկել ու այնտեղ վերադառնալու մտադրություն չունի: