Ի՞նչն է ամերիկյան գործիչներին Ադրբեջան տանում

ԽԱՅԾԸ ՆՈՒՅՆՆ Է

Ադրբեջանի հետ տարբեր մակարդակների կապեր պահպանելով հանդերձ` ամերիկյան իշխանությունը բնավ էլ մտադիր չէ թույլ տալ, որ այնտեղ իրենց ներկայացուցիչներին վերջին անառակի նման գնեն: Ադրբեջան այցելած իրենց օրենսդիրներին ԱՄՆ-ում ուշադրության կենտրոնում են պահում և փորձում ճշտել նրանց ֆինանսավորման աղբյուրները: 

Այսպես, անցած մեկ տարում ամերիկյան Սան-Դիեգո քաղաքից 17 կոնգրեսական տարբեր երկրներ են այցելել, այդ թվում` Ադրբեջան: Չնայած ԱՄՆ կառավարությունն իր օրենսդիրներին «անտեր» չի թողել և այդ ուղևորությունների համար գումար է հատկացրել, բայց ադրբեջանական տարբեր ընկերություններ ու հասարակական կազմակերպություններ նրանց ճամփորդության ծախսերն իրենք են հոգացել: Այս մասին գրել է ադրբեջանական «Բաստաինֆո» պարբերականը:

Ադրբեջան այցելած կոնգրեսականների մեջ հիշատակվել են Լուիս Գուտիերեշի, Ջիմ Մքդերմոթի, Շեկլի Լիի, Բիլլ Լոնգիի անունները: Նրանք մեկ տարվա ընթացքում 45 անգամ Ադրբեջան են այցելել: 45 անգամ հանուն ինչի՞ են նրանք օվկիանոսը կտրել-անցնել:

Միացյալ Նահանգների իրավասու կազմակերպություններն էլ, ահա, կասկածում են, որ նման անվճար ճանապարհորդություններ կազմակերպելով` Ադրբեջանը կարող է իր կոնգրեսականների գործունեության վրա ազդեցություն ունենալ: 
Ուշագրավ է, որ ԱՄՆ-ում չեն մոռացել նաև նախագահ Դոնալդ Թրամփի ադրբեջանական կապերի մասին և քննարկում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ իրենց նախագահի կոռուպցիոն կապերի հնարավորությունը:

Բնականաբար` տարբեր կարգի պաշտոնյաների գրպանների պարունակության հետ խաղալով` Ադրբեջանը մինչև այսօր կարողացել է իր նավը խութերի արանքով առաջ տանել: Անգամ ահաբեկիչներին զենք մատակարարելու վերաբերյալ ակնհայտ փաստերը դեռևս նրա դիրքերը չեն խարխլում:

Արդեն խոսվում է այն մասին, որ այս օրերին ադրբեջանական զինապահեստում բռնկված հրդեհի միակ պատճառը դիվանագիտական չվերթներով զենքի մատակարարումը պարտակելու նպատակով է արվել: Իբր` իր զինանոցից է պակասած ամբողջ զենքը հրդեհի ժամանակ պայթել է, ու իրենք մաքուր են դուրս գալիս: Օտարերկրյա կաշառված գործիչների խորհուրդը չե՞ն կատարում արդյոք: Գուցե նաև նրանցից հավաստիացո՞ւմ են ստացել, որ եղածը կհարթեն ու թույլ չեն տա, որ Ադրբեջանի գլխից մազ պակասի: Միայն թե ասում են` փոս փորողն ինքն է այնտեղ հայտնվում: Երևի կաշառակեր պաշտոնյաները այս խոսքը չեն էլ լսել:

Գուցե այդ փոսի մեջ նրանց կհրեն ԱՄՆ-ի իրավասու մարմինները, կամ գուցե իր հետ նրանց անդունդ կտանի Ադրբեջանն ինքը: