Բրիտանիա-Եվրամիություն «ճակատամարտը» շարունակվում է

Աշխարհը համահարթեցնելու և բոլոր ազգերին ինչ-որ միությունների միասնական կաթսայում թրծելու` գլոբալիստների ծրագրերն սկսեցին ճաք տալ, երբ որոշ երկրներում ծրագրեր մտմտացին հրաժարվել Եվրամիությունից: Նման ծրագրերի պատճառը թերևս այդ ազգային ինքնագիտակցության վերազարթոնքն էր:

2016թ. Մեծ Բրիտանիան հանրաքվեով օրենքի ուժ տվեց  այդպիսի ծրագրերին, և արդեն սկսվել է մոտ 4 տարի տևելիք մի գործընթաց, որով այդ երկիրը կդադարի Եվրոպական Միության անդամ լինել: Ու ահա բրիտանական կառավարության և եվրապաշտոնյաների միջև այդ միությունից դուրս գալու պայմանների շուրջը ծանր բանակցություններ են ընթանում:

Ըստ գործընթացի` 2019թ. Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա եվրոպական ընդհանուր շուկայից: Եթե վերհիշենք, որ աշխարհի մեծ պատերազմների գլխավոր պատճառներից մեկը վաճառահանման նորանոր շուկաներ ձեռք բերելն է, դժվար չի լինի պատկերացնել, թե բրիտանացիների համար որքան մռայլ է այս հեռանկարը:

Լեյբորիստական կուսակցությունը օգոստոսի 27-ին իր ներկայացուցիչ Քեյր Սթարմերի բերանով սրան դեմ է արտահայտվել («Գարդիանն» է տեղեկացրել):    

Լեյբորիստները, ըստ պարբերականի, կողմ են, որ անցումը մեղմորեն կատարվի,  որ այդ ամբողջ ընթացքում երկրը մնա եվրոպական ընդհանուր շուկայում և մաքսային միությունում, իսկ տնտեսական և առևտրային հարցերում լինի Եվրոպական դատարանի իրավազորության ներքո։ Ըստ նրանց` դա հնարավորություն կտա նվազեցնել վնասը, որը կրելու է բրիտանական տնտեսությունը` ԵՄ-ից դուրս գալուց հետո։ Իսկ այդ գործընթացի վնասը, Եվրոպական հանձնաժողովի տվյալներով` տարեկան 10 մլրդ դոլար է կազմում:

Ստացվում է, որ բրիտանացիները որոշեցին կորցնել տարեկան 10 մլրդ դոլարը, բայց փրկել իրենց ազգային դեմքը` անցած տարվա հանրաքվեով նոր իրավիճակ ստեղծելով Եվրոպայում: