Ուկրաի՛նա, ձեռքերդ հեռու միջուկային զենքից

Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները Ուկրաինային զգուշացրել են ձեռնպահ մնալ միջուկային զենքի վերստեղծման ծրագրերից: Ուկրաինական հետուստատեսության եթերում այդ մասին երեկ խոսել է Ուկրաինայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը:

- Չեմ կարծում, թե միջուկային զենքը Ուկրաինայի համար որևէ դրական նշանակություն կունենա: Ես չէի ցանկանա, որ այնտեղ այդ գործընթացին նորից կյանք տային:

Հիշեցում. ԽՍՀՄ կազմում գտնվելու տարիներին Ուկրաինայում միջուկային նշանակալի զինանոց է եղել: Խորհրդային երկրի անկումից հետո ԱՄՆ-ը պնդել է, որ սոցիալիստական  նախկին հանրապետություններն իրենց միջուկային զինանոցները հանձնեն Ռուսաստանի Դաշնությանը: 1994թ. ստորագրվել է Բուդապեշտի հուշագիրը, որն էլ հիմք է դարձել միջազգային համաձայնագրի համար: Ըստ այդ համաձայնագրի` Ուկրաինան միանում է Միջուկային զենքը չտարածելու վերաբերյալ պայմանագրին և անվտանգության երաշխիքներ ստանում: Սա նշանակում է, որ հուշագիրն ստորագրելով` Ուկրաինան իր ամբողջ միջուկային զենքը Ռուսաստանին է հանձնել, իսկ միջուկային տերությունները դարձել են նրա անվտանգության երաշխավորները: 

Վոլքերն ընդգծել է, որ ԽՍՀՄ անկումից հետո միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարումը սխալ չի եղել: Իսկ եթե նրանք ցանկանում են այդպիսի զենք ունենալ, ապա դա բոլորովին էլ ամենալավ ցանկությունը չէ:

Ուշագրավը այս տեղեկությունը տարածող լրատվամիջոցի` «Ռեգնումի» ենթավերնագիրն է` «Աշխարհին Հյուսիսային Կորեան էլ է բավական»:

Իրոք, Հյուսիսային Կորեայի նման երկրորդ պետության առկայությունը աշխարհի համար շատ կլիներ: «Ավանգարդն» արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան վերջինիս տարածքում զորավարժություններ են անում: Ահա Հյուսիսային Կորեան էլ իր մշտական գործելակերպին հավատարիմ է մնացել և բոլոր նախորդ անգամների նման, երբ նման զորավարժություններ են ձեռնարկվել` պատասխան է տվել: Այս անգամ Փհենյանը բալիստիկ երեք հրթիռ է արձակել, որոնք ընկել են Ճապոնական ծով: Ըստ ամերիկացի զինվորականների հաղորդման` դրանցից երկուսն անվնաս են մնացել, սակայն երրորդն անմիջապես պայթել է:

ԱՄՆ-ը, թերևս, դեմ չէր լինի տեսնել հզոր Ուկրաինա, որը ՌԴ-ն կործանելու իր երազանքն իրականացնելու արդյունավետ գործիք կդառնար: Բայց ինչպես երևում է` նրա տառապանքը փորձ ունի. միջուկային զենքի տիրանալով` Ուկաինան նույնպես կարող է որոշել` ծնկի բերել նաև ուրիշներին: