Ո՛չ զարգացում և ո՛չ էլ, մանավանդ՝ արդարություն

ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՀԻՄՆԱԴՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Թուրք քաղաքական գործիչ Դենգիր Միր Մեհմեդ Ֆրաթը խոսել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում տիրող իրական վիճակի մասին: Ֆրաթի համոզմամբ՝ այն ներսից փտում է, ու դա այնքան նկատելի է, որ Էրդողանն արդեն գարշահոտն զգում է:
 
Լինելով այդ կուսակցության հիմնադիրներից մեկը, նա այժմ  քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ է և խորհրդարանի պատգամավոր՝ ընտրված Մերսին քաղաքից: Թուրքական «Դիհաբեր» գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է. 
 
- Կուսակցության առնվազն 10%-ը Էրդողանի գաղափարներին արդեն չի աջակցում: Այդ մարդիկ ուրիշ կուսակցությունների չեն անդամակցում, քանի որ խնդիրը իշխանության մեջ լինել-չլինելն է: Հենց այդ հատվածին էլ Էրդողանը փորձում է սիրաշահել: 30-40% աջակցությամբ  իշխանություն պահել հնարավոր չէ, դրա համար առնվազն 50% պետք է ունենալ:
 
Քրդամետ պատգամավորն ու Էրդողանի երբեմնի զինակիցը  (որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներ) տվել է Թուրքիայի իշխող կուսակցության ախտորոշումը: Ըստ Ֆրաթի՝ այնտեղ Էրդողանի ասած աշխատանքային հոգնածությունը չէ, որ զգացվում է, այլ խոր ընկճախտը: 2000-ականների սկզբին թռիչքային վերելք ունեցած կուսակցությունն արդեն «փտում է»: Ֆրաթը համոզմունք է հայտնել, որ Էրդողանը չի կարողանա իրավիճակը շտկել, և ԱԶԿ-ն իր երբեմնի ուժը կկորցնի: 
 
Իհարկե, անզեն աչքով էլ երևում է, որ Էրդողանի կուսակցությունն իր անվան բաղադրիչնրից ոչ մեկը չի արդարացրել՝ ո՛չ երկրում կամ արտաքին հարաբերություններում արդարություն է հաստատել, ո՛չ էլ Թուրքիան դեպի զարզարգացում է տարել (հիշենք, որ ապրիլյան հանրաքվեով էլ սուլթանության հայտ ներկայացրեց): Եվ եթե ԱԶԿ-ն իրոք իր ազդեցությունը կորցնի, դա կնշանակի էրդողանական Թուրքիայի վերջը: 
 
Թե ինչպիսի Թուրքիա կարող է դրան հաջորդել՝ դժվար է կանխատեսել, որովհետև չափազանց բազմաշերտ է հասարակությունը և անկանխատեսելի է հանրության կողմնորոշումը: Օրինակ, մինչ ակնարկներով ու շշուկներով խոսվում է ԵԱՏՄ հետ նրա սերտ համագործակցության հեռանկարների մասին, ինչի նպատակահարմարությունը խիստ կասկածելի են համարում ԵԱՏՄ անդամ երկրները, Գերմանիայից էլ պնդումներ են հնչում, թե Էրդողանի ղեկավարած Թուրքիան երբեք չի կարող Եվրամիության անդամ դառնալ: