Հիմա էլ Ճապոնիան է զորավարժություններ սկսել

Ո՞ՐՆ Է ՆՊԱՏԱԿԸ

Իր միջուկային սպառնալիքներով Հյուսիսային Կորեան, ըստ էության, ամբողջ տարածաշրջանն իրար է խառնել: Հարավկորեական և ամերիկյան զորավարժությունները չավարտված՝ Ֆուձիյամա լեռան մերձակայքում եռօրյա զորավարժություններ է ձեռնարկել Ճապոնիան: Երեկ՝ օգոստոսի 24-ին, 2400 զինվորի մասնակցությամբ մեկնարկած զորավարժությունները, «Ստրեյթս թայմս» պարբերականի բնորոշմամբ՝ անցկացվում են Կորեական թերակղզում աճող լարվածության համապատկերին: 
 
Խաղաղօվկիանոսյան բազմաթիվ կղզիների վրա տարածվող պետության պաշտպանունակությունն ամրապնդելու այս քայլը միայն ԿԺԴՀ-ից զգուշանալու պատճառով չէ, որ ձեռնարկվել է: Ճապոնիային մտահոգում են նաև հարևան Չինաստանի և Ռուսաստանի հետ տարածքային վեճերը:
Խոսելով զորավարժությունների անցկացման մեկնարկի մասին՝ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Կոձի Յամաձակին ընդգծել է դրանց պատճառը.
 
- Առկա են տարբեր այնպիսի խնդիրներ ու անորոշ գործոններ, ինչպիսիք են Չինաստանի փորձերը՝ փոխելու Արևելյան և Հարավչինական ծովերի շրջանում հաստատված ստատուս-քվոն,  բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի զարգացումը Հյուսիսային Կորեայում, ինչպես նաև Ռուսաստանի գործելակերպը՝  ցուցադրելու իր ներկայությունը Հեռավոր Արևելքում:
 
Երկրորդ աշխարհամարտի ատոմային հարվածը կրած Ճապոնիան անմիջապես մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնում հրթիռային համակարգեր է տեղադրել՝ երբ հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեան սպառնում է հրթիռակոծել Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազաները: Ինչպես «Ավանգարդն» արդեն տեղեկացրել է՝ ԿԺԴՀ-ում դատապարտել են Հարավային Կորեայում անցկացվող զորավարժությունները և մտավախություն հայտնել, թե դա Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժելու նախապատրաստություն է:   
 
Այս տարածաշրջանում առայժմ միակ դրականն այն է, որ թե՛ ԿԺԴՀ առաջնորդը, թե՛ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, գոնե հիմա, մի կողմ են դրել ռազմաշունչ հայտարարությունները: Բայց, ինչպես Ճապոնիայի ձեռնարկած զորավարժություններն են վկայում՝ դրանից տվյալ տարածաշրջանի շիկացած մթնոլորտը չի մեղմացել: Բոլորը լարված սպասումների մեջ են: Բնականաբար՝ ձգտելով առաջինը հարվածելու պահը բաց չթողնել: