ԱՄՆ-ը իրո՞ք ուզում է պատերազմը կանխել

Այն, որ ԱՄՆ-ն առաջներում քրդերին կոչ էր արել հանրաքվեն հետաձգել` համարելով, թե ժամանակը ճիշտ չի ընտրված, շատերը համարեցին աչքակապություն: Սակայն այդ կոչը վերահաստատել է նաև Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը:

Այս օրերին այցելելով տարածաշրջան` նա հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:

ԱՄՆ պաշտպանության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել` «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ վերջին գործողություններում նրանց աջակցության համար, շնորհավորել է Մոսուլում իսլամիստների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ: Նաև կոչ է արել` շարունակել երկխոսությունը Բաղդադի հետ, որպեսզի ահաբեկիչների դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի: Այս մասին գրել է Պենտագոնի կայքը:

Մաթիսն այնուհետև լրագրողներին հայտնել է, թե ինքը Մասուդ Բարզանիին խնդրել է անկախության հանրաքվեն հետաձգել, քանի որ պահի գերխնդիրը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների նկատմամբ հաղթանակն է: Բարզանիի գրասենյակն էլ հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ առաջարկը կընդունվի միայն մեկ դեպքում` եթե համարժեք այլընտրանք առաջարկվի:

Քրդերին, կասկածից վեր է, չի ուրախացնում բոլոր սահմանակից պետությունների հետ թշնամական հարաբերություններ ունենալը, դրա համար էլ գրասենյակի հայտարարության մեջ նշվել է, որ մտադիր են Բաղդադի հետ երկխոսությունը շարունակել, որպեսզի «լավ հարևաններ դառնան»:

Բազմիցս է արծարծվել այն միտքը, թե քրդական պետականության ստեղծումը տարածաշրջանում պատերազմի մի մեծ օջախ կբացի: Ա՛յն տարածաշրջանում, որտեղ մոլեգնող պատերազմում նոր-նոր ԻՊ դեմ նշանակալի հաղթանակներ են տարվում:

Գուցե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը տեսել է իրական վտանգի չափերը և իրոք փորձում է իրավիճակը մեղմե՞լ: Միայն թե` քրդերն անկախությունից հրաժարվելու միտք հաստատապես չունեն: Մնում է նրանց իսկապես կարգին այլընտրանք առաջարկել: Դա կարվի՞ արդյոք կամ  որքանո՞վ կնպաստի  խաղաղության գործին` մոտ ապագայում կերևա: