Մուսուլմաններն ընդդեմ ահաբեկչության

ԴԱՆԱԿՆ ԻՐԵՆՑ ՈՍԿՈՐԻՆ ԷԼ ՀԱՍԱՎ

Բարսելոնում բնակվող մուսուլմաններն ընդդեմ ահաբեկչության բողոքի ցույց են կազմակերպել: Տասնյակ մահմեդականներ դուրս են եկել Ռամբլա փողոց, որտեղ մի քանի օր առաջ չորս իսլամիստները իրենց չարագործություններն էին իրականացրել: Պաստառներին, որ նրանք կրել են, գրված է եղել. «Մենք մուսուլմաններ ենք, ոչ թե ահաբեկիչներ»:
 
Ամբողջ աշխարհը ահաբեկչական գործողությունների թիրախ դարձրած իսլամիստները կարծես թե հող են ստեղծում, որ մարդկանց ուղեղներում մեկտեղվեն «մուսուլման» և «ահաբեկիչ» գաղափարները: Իսպանիայի Բարսելոն քաղաքում օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությանն առնվազն 14 մարդ է զոհ գնացել, 130-ը վիրավորվել է, երբ  Ռամբլա հետիոտնային փողոցում, որը հայտնի է բազմաթիվ զբոսաշրջիկների առկայությամբ, ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ:  
Իրենց խաղաղ հանգիստը վայելող մարդկանց սպանդի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
 
Իսկ երեկ հայտնի է դարձել, որ ոստիկանները Ալկանսար քաղաքի մի տան մեջ գտել են 120 գազի բալոն, որով ահաբեկիչները մադիր են եղել Բարսելոնում նոր ահաբեկչություն իրականացնել: Թե դա ինչ կարգի «պատասխանատվություն» է, որի ստանձնողը գործում է անմեղսունակի մտածելակերպով՝ անհասկանալի է մնում: Բայց այն, որ նրանց գործած մեղքերի համար քավության նոխազ կարող են դառնալ միանգամայն խաղաղասեր ու հանդուրժող իրենց հավատակիցները՝ արդեն երևում է:   
 
Կախարդական շրջապտո՞ւյտ:
 
Թերևս Բարսելոնի մուսուլմաններն իրենք են գտել այս իրավիճակից ելքի բանալին: Հենց իրենց ներսում պետք է սկսեն «առողջացումը», որպեսզի իրենց հավատի անունից չարիք գործողներն ամբողջ աշխարհի զայրույթը չուղղեն, ասենք, իր համար նամազ անող մի անմեղ ուսանողի կամ փարաջան հագին փողոցն անցնող երազկոտ աղջնակի վրա: