Սումգայիթը` ԻՊ հենակետ

ԼԱՎ Է ԱՉՈՔ ԿՈՒՅՐ, ՔԱՆ` ՄՏՈՔ

Ինչ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել` ջիհադիստների համար դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է Թուրքիայով: Այստեղ էլ ժամանակ առ ժամանակ նրանց ձերբակալում են որպես ահաբեկիչների, որոշ անձանց արտաքսում են կամ նրանց մուտքն արգելում: Դե, հարկավոր է ցույց տալ, որ իրենք էլ են ահաբեկիչների դեմ պայքարում: 

Արդեն քանի ամիս է` այդ ձերբակալվածների, արտաքսվածների և «սև ցուցակում» ընդգրկվածների թվում ադրբեջանցիների բազմաթիվ անուններ են երևում: Հանգամանք, որ կարծես թե նաև նրանց նկատմամբ թուրք «եղբայրների» վերաբերմունքի փոփոխության մասին է խոսում:

Ադրբեջանի ջիհադական «կենսագրության» մեջ, պարզվում է, մեծ դեր ունի Սումգայիթ քաղաքը: Դե, 1988թ. դաժանագույն ահաբեկչության դասական օրինակով կազմակերպված սպանդը արդարացնելով` աշխարհը որպես ընծա ստացավ ահաբեկիչների մի իրական դարբնոց: Այսպես, հուլիսի կեսերից Բաքվում դատում են Այդըն Գյուլմամեդովային և Ամրահ Իմանովին, ովքեր, հետաքննության տվյալներով, անցյալ տարվա հոկտեմբերին Սումգայիթում հավատարմության երդում են տվել Ալ Բաղդադիին։ Հենց Սումգայիթն է համարվում ջիհադիստների «մայրաքաղաքը» և Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր հենակետը։ «Նեզավիսիմայա գազետայի» մի հարցազրույցում քաղաքագետ Ֆահրիդան Աբասզադեն նշել է, թե այնտեղ հոգևոր իշխանությունը սալաֆականների ձեռքին է:

Ահա ուշագրավ մի քանի փաստեր` գրոհայինների և Ադրբեջանի անխզելի կապի մասին: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը ժամանակին աշխատանքից հեռացվել է: Հետո պարզվել է,  որ նա ԻՊ-ից կաշառք է վերցրել՝ դրա դիմաց այնպիսի ծառայություններ մատուցելով, որի շնորհիվ ջիհադիստը կարող էր օրինական փաստաթղթերով Թուրքիայից Սիրիա մեկնել։

Թե քանի-քանի ահաբեկիչ է այս փաստաթղթերով որպես օրինավոր մարդ անարգել հայտնվել իր ուզած երկրում ու ահաբեկություն իրականացրել` այլևս դժվար կլինի բացահայտել:
Այժմ էլ Թուրքիայում հինգ մահապարտ ահաբեկիչ են ձերբակալել, որոնցից երեքն ադրբեջանցի են: Ընդ որում` այդ արյունարբու մարդասպաններից երկուսը կանայք են` 37-ամյա Գուլնուր Շիրմամեդովան և 42-ամյա Նազենի Զեյնալովան։ Նույն «Նեզավիսիմայա գազետան»  անդրադարձել է Մերձավոր արևելքում Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովի հայտարարությանը, թե ԻՊ դեմ պայքարում մի շարք երկրների հատուկ ծառայություներ իրենց արևմտյան գործընկերների համար այլևս վստահելի չեն համարվում: Դրանց թվում է նաև Ադրբեջանը: 

Մնում է միայն զարմանալ, որ «արևմտյան գործընկերներն» այսքան ժամանակ նրանց վստահել են: Ու սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել` լավ է ուշ, քան երբեք: Այս դեպքի համար ավելի տեղին է Եղիշեի խոսքը` լավ է կույր աչոք, քան թե կույր մտոք: Եթե մտքով այնքան կույր են եղել, որ վստահել ու դեռ վստահում են Ադրբեջանի նման պետությանը, չէր կարող աշխարհում տիրող իրավիճակն այսքան անմխիթար չլինել: