Հա՛մ սցենարիստ ու բեմադրիչ, հա՛մ էլ՝ Ռեջեբ, Թաիբ

ԴԵ՝ ԷՐԴՈՂԱՆ, ԷԼԻ

2016-ի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն այնքան նպաստավոր իրավիճակ ստեղծեց նախագահ Էրդողանի համար, որ կարելի է  նույնիսկ մտածել՝ հենց ինքն էր դրա սցենարիստն ու ռեժիսորը: Հանցագործություններ բացահայտող խուզարկուները չէ՞ որ առաջին հերթին փորձում են պարզել, թե  ում կարող էր այն ձեռնտու լինել… 
 
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությանից խորհրդարանի պատգամավոր Օսման Բայդեմիրը հենց իշխանություններին է մեղադրել՝ կանխամտածված կերպով հեղաշրջման փորձ բեմականացնելու համար:
 
- Այդ դուք եք հեղաշրջում արել: Դուք հեղաշրջման փորձի ոչ թե զոհն եք, այլ հենց իրականացնողը:  Դո՛ւք եք իրականացրել հեղաշրջման փորձը, որը նախագահ Էրդողանը որակում է որպես Ալլահի պարգև,-Բայդեմիրի խոսքերն է փոխանցել թուրքական «Դեմոքրաթաբեր»-ը:
 
Քուրդ ընդդիմադիրը նաև չի մոռացել շեշտել, որ հենց Էրդողանի իշխանությունն է 12 տարի շարունակ աջակցել ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորմանը, իսկ այժմ նրանց է հռչակել հեղաշրջման փորձի իրագործողներ: 
 
Ընդդիմադիր մեկ այլ ուժ էլ երկրի նախագահին զրպարտության համար է նշավակել: Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելն անդրադարձել է Էրդողանի այն ակնարկին, թե եթե Քըլըչդարօղլուն բանտարկված Բերբերօղլուի հետ կապ ունենա՝ չզարմանաք: Նշենք, որ Քըլըչդարօղլուն նշված կուսակցության առաջնորդն է, իսկ Բերբերօղլուն՝ այդ կուսակցության անդամ, որին ձերբակալել են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Ընդդիմադիր կուսակցության անդամները Էրդողանի այս ակնարկից եզրակացրել են, որ  նա ուզում իրենց առաջնորդին ձերբակալելու համար հիմքեր ստեղծել: Օզգյուր Օզելեն ասել է. 
 
- Եթե նախագահը չպարզաբանի, թե այդ տեղեկությունն ինքը որտեղից և ումից է ստացել, ուրեմն զրպարտիչ է:
 
Միամիտ պահանջ: Կարծես Էրդողանի համար դժվար կլինի հիմա էլ այդ կապն ապացուցող իրավիճակներ բեմադրել և իրեն անցանկալի գործչին հազարավորների նման փակի տակ առնել: Ընդ որում՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ կալանավորների իր «հավաքածուն» Էրդողանը սիրով համալրում է գերմանացի, ֆրանսիացի… լրագրողներով ու տարբեր գործիչներով՝ թրքավայել արհամարհելով նաև նրանց ազատ արձակելու եվրոպացիների պահանջները: