Տասըմիլիոնանոց բողոքի ցույց չսկսե՞նք

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ

Վատ չէր լինի, դիցուք, Ցեղասպանության զոհերի հուշարձաններն ազգովի այցելելու օրինակով, տասը միլիոնոց մի հսկա երթ սկսեինք աշխարհով մեկ` բողոքելով այս երևույթի դեմ ու գործուն քայլեր նախանշելով: Որպեսզի եկող ապրիլի 24-ներին երթի դուրս եկողներ մնան: Ու դեռ շատանան:

Կանադայի հայ համայնքը սկսել է մի արշավ, որի նպատակն է չեղյալ դարձնել կանադական զրահամեքենաները Ադրբեջան արտահանելու թույլտվությունը: Արշավի առիթը հուլիսին «Radio Canada International»-ի և «Սի-Բի-Սի»-ի հայտարարությունն է այն մասին, որ «INKAS Armored Vehicle Manufacturing»-ը Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ համաձայնագիր է ստորագրել` այդ երկրին փոխադրամիջոցների մատակարարելու մասին:

Կանադա-հայկական կոմիտեի քաղաքական հարցերով նախագահ Շահե Թանաչյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված իր նամակում հայ համայնքի մտահոգությունն է հայտնել, որ կառավարությունը որոշում է կայացրել «զենք տրամադրել մի երկրի, որը պարբերաբար սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը, խախտում է այն բոլոր սկզբունքները, որոնց աջակցում ենք մենք` կանադացիներս, և որոնք Կանադայի Միջազգային գործերի նախարարությունը ձգտում է աշխարհում առաջ մղել»:

Այսքանով չբավարարվելով, Կանադայի Հայկական ազգային կոմիտեն դիմել է խորհրդարանի ավելի քան 50 անդամների՝ խնդրելով փոխանցել, որ կանադահայ ամբողջ համայնքը «խորապես ցնցված է»: Կանադայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ադամ Օսթինը հայ համայնքի անդամներին տեղեկացրել է, որ խորհրդարանում ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մեթ Դեքորսին առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց հետ հանդիպում կունենա:

- Հայաստանը Կանադայի մտերիմ բարեկամն ու դաշնակիցն է,-հարկ է համարել նշել Օսթինը:

Մահաբեր ու կործանարար զենքերի վաճառքը սոսկ առևտրական գործարքներ ներկայացնող պետությունները շարունակելու են գրպանել Ադրբեջանի ու նրա նման ռազմատենչ երկրների ֆինանսները: Եվ որևէ մեկի հոգը չէ, որ դրանով նպաստում են խաղաղ բնակիչների կյանքը դժոխքի վերածելու վայրագությանը: Ավելին, աշխարհի անվտանգությամբ իբր մտահոգ կառույցներն անգամ չեն փորձում սաստել մարդասպանության ջրաղացին ջուր լցնող այդ բիզնեսը:

Շատ է խոսվում այն մասին, թե մենք պետք է աշխարհով մեկ ոչ մեր կամքով մեր ցրվածությունը դարձնենք առավելություն և, համախմբվելով` մեր ազգային խնդիրներին հայանպաստ լուծում տանք: Հայտնի է, որ այս օրերին Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը ևս բողոքում է Իսրայելի գործելակերպից:

Գուցե հենց սրանից պետք է սկսել համախմբումը` բողոքելով ու գործուն քայլեր ձեռնարկելով բոլոր այն երկրներում, որոնց իշխանությունները մեր դեմ ոչնչացնող պատերազմ սանձազերծած ոսոխին  ոչ միայն գերհզոր զինատեսակներ են տրամադրում: Զենքի հետ էլ հրահանգիչներ են ուղարկում, որպեսզի անձեռնհաս ադրբեջանցի զինծառայողի փոխարեն այդ զենքերը գործի դնեն: Սա արդեն նշանակում է, որ աշխարհի կեսը մեր դեմ պատերազմի է ելել` Ադրբեջան կոչվող սարքովի պետության անունից:

Բոլոր այդ պետություններում բազմաքանակ հայեր կան, ու նրանցից ոմանք, թերևս, հենց զենքի արտադրության ոլորտում են աշխատում. ոմանք էլ գուցե հայի ստեղծագործ մտքի զորությամբ այդ երկրների զինանոցներն են հաստացնում…