Համահարթեցում, որի զավակը խտրականությունն է

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՉԷ

Հակառակ առողջ տրամաբանության ու աշխարհում տիրող իրավիճակի՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունն ամեն գնով անկախություն շնորհեցին Սերբիայի ալբանացիներին, բայց այդպես էլ չկարողացան Բալկաններում կայուն խաղաղություն հաստատել: Ի դեպ, ինչպես՝ մնացած ամբողջ աշխարհում:
 
Ճիշտ է, Կոսովոն անկախություն ստացավ, բայց մահմեդական ալբանացիների ու քրիստոնյա սերբերի համակեցության խնդիրը այսօր էլ անլուծելի է: 
 
Այսպես, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը ներկայացրել է մի բանաձև, ըստ որի Կոսովոյի հյուսիսային՝ սերբերով բնակեցված շրջանը պետք է տարանջատվի և միանա Սերբիային: Կոսովոյի մնացած սերբերի համար նա ինքնավարություն է նախատեսում, իսկ սերբական միջնադարյան վանքերի համար՝ ինքնավար հատուկ կարգավիճակ։ 
 
Ուշագրավն այն է, որ մինչ այս պաշտոնական Բելգրադը կարծես առավել անզիջում դիրքորոշում ուներ՝ անվերապահ պնդելով, որ Կոսովոն Սերբիայի պատմականորեն անբաժանելի մասն է, և իրենք դրա անկախությունը չեն ճանաչում: 
 
Մեծ Սերբիայի և Մեծ Ալբանիայի գաղափարները տարածաշրջանում ամեն պահի կարող են գործողություն դառնալ՝ նպատակ ունենալով էթնիկ-կրոնական հատկանիշներով փոփոխել պետությունների սահմանները: Իսկ սերբեր և ալբանացիներ բնակվում են նաև սահմանակից այլ պետություններում: Հանգամանք,որն արդեն պայթյունավտանգ նոր իրավիճակ է ստեղծում: 
 
Վերջերս Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացարձակապես անհնար է համարել Կոսովոյի անկախության ճանաչումը, իսկ Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ՊԱՆ կուսակցությունը ժամանակին այսպես կոչված Կոսովոյի ազատագրման բանակին է անդամակցել, և առավել անզիջում է լինելու։ Պատահական չէ, որ Կոսովոյի խորհրդարանը վերջերս բանաձև է ընդունել սեփական զինված ուժերի ստեղծման մասին։ Որքան էլ միջազգային խաղաղապահները նրանց պաշտպանեն, միևնույն է՝ գերադասում են սեփական զորքն ունենալ: 
 
Մեր մոլորակը մի կողմից գլոբալացում կոչված համահարթեցնող քաղաքականության գրոհներին է ենթարկվում, մյուս կողմից՝ թերևս որպես դրա բնական հակադարձություն, հասունանում ու թափ են առնում էթնիկ, կրոնական, կուսակցական, տարբեր անհասկանալի կողմնորոշումների անհանդուրժողական գզվռտոցները: Այս վերջինները հիմնականում չափազանց մարտական են տրամադրված, իսկ իրենց այդ տրամադրություններին հոգուրդ տվող մթնոլորտի ու զենքի պակաս չեն զգում…