Նախազգուշացում՝ ապագայից

ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ, ՔԱՆ…

Գուցե Հելորանի ֆիլմը ճիշտ ժամանակին է հրապարակ իջել, որպեսզի թույլ չտա, որ մամուլում երեկ շրջանառվող՝ միջուկային պատերազմի հավանականության մասին մռայլ կանխատեսումներն իրականանան: 
 
Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆանտաստիկ մեր դարում անգամ ապագա պատերազմների վնասներն է հնարավոր տեսնել ու եզրակացություններ անել… Ու քանի որ մարդկության  համար ամենակործանարարը միջուկային պատերազմը կարող է լինել, վիզուալացման մասնագետ Նեյլ Հելորան ստեղծել և հրապարակել է շարժապատկերներով մի տեսանյութ, որտեղ 14 րոպեում ներկայացնում է նման ռազմական բախման հավանական հետևանքները: Շեշտը դրվել է հատկապես մարդկային զոհերի վրա:
 
Տեսանյութում նախ ցուցադրվում է, թե ինչպես է մոլորակի բնակչությունը տարեցտարի փոխվում, քանի մարդ է մահանում, քանիսն է ծնվում (տեսանյութը տարածել է gizmodo.com պարբերականը): Հեղինակն անվարան հայտարարում է՝ միջուկային պատերազմի դեպքում մարդկային զոհերն անհամեմատ ավելի շատ կլինեն, քան առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ է եղել: Իսկ դրանց զոհերը տասնյակ միլիոններով են հաշվվում: Եթե հաշվարկի մեջ ներառենք նաև հաշմանդամությունից, համաճարակներից ու քաղցից մահացածներին, ապա արդեն պետք է խոսել հարյուրավոր միլիոնների մասին:
 
Ֆիլմի հեղինակ Հելորանի կարծիքով՝ միջուկային առաջին իսկ հարվածը կես միլիարդ մարդու կյանք կխլի: Այսինքն, մոլորակի  ավելի քան 7 միլիարդ բնակիչներից յուրաքանչյուր 14-րդն այդ հարվածի զոհը կդառնա: Իսկ հետագա զոհերի թիվն ուղղակի կանխատեսել հնարավոր չէ, քանի ատոմային մարտագլխիկների պայթյունները կործանարար հետևանքների մի երկար շղթա են առաջացնելու:
 
Տեղեկատվական գերզարգացած տեխնոլոգիաները, իհարկե, մեծ առավելություն են և որոշ տեսանկյունից չափազանց հեշտացրել են մարդու կյանքը: Դրանք, սակայն, մի մեծ թերություն ունեն՝ մարդու ուղեղն այնպես են լցոնում ամենաբազմազան ու հակասական տեղեկություններով, որ հնարավոր չի լինում դրանք ժամանակին վերլուծել ու եզրակացություններ անել: Ու երբեմն մարդը կգերադասեր կատարվելիքի մասին նախապես չտեղեկանալ՝ վտանգից իբրև թե թաքնվող ջայլամի նման:
 
Բայց նաև իմաստուն խոսք կա՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Գուցե, այնուամենայնիվ, Նեյլ Հելորանի ծանր աշխատանքն իր ցանկալի պտուղները տա և որոշ տաք գլուխների համար սառը ցնցուղի դեր կատարի:
 
Իսկ աշխարհի լրատվամիջոցները երեկ անդրադառնում էին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հարցազրույցին, որտեղ նա ահազանգում է, թե Հյուսիսային Կորեայի հակամարտությունը կարող է միջուկային պատերազմի հանգեցնել: 
 
- Բայց նույնիսկ սովորական զենքի կիրառմամբ պատերազմը երևակայությունից վեր բազմաթիվ կյանքեր կխլի,-հավելում է նա: 
 
Առավել մտահոգիչ ահազանգ է հնչեցրել Զախարովան՝ ՌԴ ԱԳՆ-ից: Նա ասել է, թե այդ հակամարտությունը կարող է համաշխարհային նոր պատերազմ սանձազերծել… 
 
Գուցե Հելորանի ֆիլմը ճիշտ ժամանակին է հրապարակ իջել, որպեսզի թույլ չտա, որ այս մռայլ կանխատեսումներն իրականանան: