Ո՞վ է ավելի արժանի գլխավոր խելագարի կոչմանը

Կորեական թերակզու շուրջը ծավալվող իրադարձությունները գնալով ավելի սպառնալի են դառնում: Իրար միջուկային հարվածներով սպառնացող Հյուսիսային Կորեան ու Միացյալ Նահանգները շատերի սրտերն են տագնապով լցրել: Միջուկային մարտագլխիկներ ունեցող Փհենյանը սպառնում է դիպուկ հարվածով ոչնչացնել իրենից հարյուրապատիկ հզոր նման զինանոց ունեցող ԱՄՆ-ին. այնտեղից էլ ստացվել է Պենտագոնի սպառնալիքը՝ մահ պատճառել ԿԺԴՀ-ի վարչախմբին և ոչնչացնել ժողովրդին:
 
Սպառնալիքների այս կրակահերթերը դիպուկ է բնորոշել գրող Սթիվեն Քինգը: Նա «Թուիթերի» իր էջում գրել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մրցակցում են աշխարհի գլխավոր խելագարի կոչման համար: Ու հիմա մարդիկ հարց են տալիս՝ ումի՞ց պետք է ավելի զգուշանալ՝ Թրամփի «հրե ցասումի՞ց», թե՞ Կիմ Չեն Ընի հրթիռներից ու համընդգրկուն պատերազմի խոստումներից (խոսքերի հեղինակ` Աննա Վայներ): 
 
Վաղուց չէ, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անուղղակիորեն սպառնաց Հյուսիսային Կորեային ռազմական հարված հասցնել, որին ի պատասխան՝ Փհենյանը հայտարարեց, թե դիտարկում է Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազաներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: Այս հայտարարությունը, ի դեպ, Ճապոնիայում նույնպես տագնապ առաջ բերեց: 
Իրադրությունը մեկնաբանել է նաև ամերիկյան պաշտպանության նախարարությունը: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է հրաժարվի ինքնամեկուսացումից և միջուկային զենքի տիրապետելու ձգտումներից: Նա նաև նշել է, թե սպառազինությունների մրցավազքում Հյուսիսային Կորեան կպարտվի: 
 
Ի վերջո, քաղաքագետները նշում են, թե երկու երկրների ղեկավարներն էլ մեկ ընդհանուր խնդիր ունեն՝ պահել իրենց իշխանությունը: Այս տեսանկյունից ուշագրվ է հետևյալ իրողությունը: Վերջերս անցկացված հարցումներն աննախադեպ ցուցանիշ են արձանագրել՝ «աշխարհի գլխավոր խելագարի» ամերիկյան հավակնորդին արդեն չի վստահում իր երկրի ընտրողների 60%-ը: Մինչդեռ կորեական թեկնածուին պաշտպանելու համար տասնյակ հազարավոր քաղաքացիներ Փհենյանի կենտրոնում հանրահավաքի են մասնակցել՝ սատարելով իրենց նախագահին: Դժվար չէ ենթադրել, որ դա կարող էր նաև սոցիալիստական ոճով թելադրված գործողություն լինել, և Կիմ Չեն Ընի աթոռը բնավ էլ Թրամփի աթոռից ավելի հաստատուն չէ: 
 
Ի լրումն այս ամենի՝ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար և նախազգուշացրել է, թե ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել: Մինչ այդ էլ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն էր հայտարարել, որ դաշնակիցներ Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է  ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը:
 
Իսկ սա կարող է նշանակել, որ Թրամփն ու Ընը առաջկտրուկի տալով հանկարծ հրաման կարձակեն՝ տարածաշրջանն ընկղմելով միջուկային դժոխքի պարունակներում: Իհարկե, եթե ժամանակին նրանց զսպաշապիկ չհագցնեն կամ չբուժեն: