Եթե կարելի է, ինչո՞ւ չմսխել

Երևի ամենուր է այդպես՝ նույնիսկ արդար աշխատանքով չվաստակած, բայց սեփական գրպանի փողերը խնամքով են հաշվում և ավելի շատ մտածում են դրանք բազմապատկելու, այլ ոչ թե մսխելու մասին; Բայց այ՝ եթե փո փոխարեն վճարող կա…
 
Եվրահանձնաժողովի նախագահն ու նրա պատվիրակության 9 անդամները Բրյուսելից Հռոմ հասնելու համար համարյա 27 հազար եվրո են ծախսել: Դա տեղի է ունեցել ընթացիկ տարվա փետրվարին, երբ Ժան Կլոդ Յունկերը Հռոմ է ժամանել և հանդիպումներ ունեցել Իտալիայի այն ժամանակվա վարչապետ Մաթեո Ռենցիի, երկրի նախագահի, ինչպես նաև խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ: 
 
Եվրահանձնաժողովի հրպարակած տվյալների հիման վրա այս տեղեկությունը տարածել է «Սքայ նյուս» հեռուստաալիքը: Ընդամենը երկու ժամ տևած թռիչքն այդքան ծախսատար է եղել այն պատճառով, որ եվրահանձնաժողովականները մասնավոր ինքնաթիռից են օգտվել: 
 
Բրյուսելի տվյալներով՝ այդօրինակ ծախսերը համապատասխանում են Եվրահանձնաժողովում ընդունված կարգին, ըստ որի նրա անդամները կարող են օգտվել մասնավոր ինքնաթիռներից այն դեպքում, եթե իրենց հարմար առևտրային երթուղի չկա: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մինա Անդրեևան հաստատել է, որ տվյալ պահին «հասանելի չեն եղել ընդունելի առևտրային երթուղիներ, որոնք կտեղավորվեին Եվրահանձնաժողովի նախագահի համապատասխան ժամանակացույցի մեջ»:
 
Այս ամենով հանդերձ՝ «Սքայ նյուս» հեռուստաալիքը չի մոռացել իր լսարանին հասցնել մի մանրամասն, որը տվյալ պարագայում բոլորովին անտեսվել էր. Բրյուսել-Հռոմ օդային երթուղին օրական 8 թռիչք է իրականացնում: Երևում է՝ Եվրահանձնաժողովի նախագահն ու իր ղեկավարած պատվիրակության անդամները ոչ մի կերպ չեն կարողացել դրանց թռիչքի պահերն իրենց ժամանակացույցի հետ հարմարեցնել: 
 
Իսկ գուցե ուղղակի չե՞ն ցանկացել: Չէ՞ որ կանոնադրությունը հնարավորություն  է տալիս մասնավոր ինքնաթիռ վարձել, գումարն էլ, պարզ է, սեփական գրպաններից չի վճարվում: Էլ ուրեմն ինչո՞ւ հրաժարվել արքայավայել թռիչքից: Երևի այդպես բոլորն են վարվում, մինչև գալիս է հաշիվ պահանջողը, ու հարկ է լինում արդարանալ կամ գուցե նույնիսկ հատուցել: