Հագուկապ ընտրելը կատակ բան չէ

Մեր իրականությունից ելնելով՝ դժվար է պատկերացնել Իտալիայի Վիարեջո քաղաքի քաղաքապետ Ջորջո դել Գինգարոյի հետ կատարվածը … Ավելի ճիշտ՝ դա ընկալելի չի լինի նույնիսկ սահմանափակ իշխանություն ունեցող որևէ պաշտոնյա:
 
Երբ Իտալիայի Վիարեջո քաղաքի քաղաքապետ Ջորջո դել Գինգարոն «անփույթ ոճով» հագնված՝ իր բարեկամների հետ ոչ պաշտոնական ընթրիքի է գնացել քաղաքի ծովափնյա ռեստորաններից մեկը, որտեղ հաճախ է լինում, անպատշաճ հագուստի համար նրան դուրս են հրավիրել: Կիսատաբատով քաղաքապետը խելոք-խելոք հեռացել է ու «Դիմագրքի» իր էջում այդ մասին գրառում կատարել: 
Նա խոստովանել է, որ չի էլ ենթադրել, թե նավահանգստային ռեստորանում հագուկապի վերաբերյալ նման խիստ կարգ է գործում: Բոլոր դեպքերում ինքն ստիպված է եղել դա ընդունել և «ոչ առանց ամոթի» հրաժեշտ տալ ընկերներին: 
 
- Եվ ընդհանրապես, մեր մեջ ասած՝ ես իրո՞ք ահավոր էի հագնված,-սոցկայքի իր ընկերներին հարց է ուղղում դել Գինգարոն՝ հրապարակելով նույն կիսատաբատով լուսանկարը:
 
Այս միջադեպը քաղաքապետին մի օգուտ, այնուամենայնիվ, տվել է: Ռեստորանի աշխատակիցներն  արձագանքել են գրառմանը՝ նշելով, որ այդ կարգը սկսում է գործել երեկոյան՝ ժամը 19-ից հետո, և այցելուներին դրա մասին նախազգուշացնում են առկա մի քանի թերթիկները:  Այնուհետև, ցանկանալով իրավիճակը շտկել և որպես հաշտության նշան՝ նրան մշտական հյուրի  քարտ են առաջարկել: 
 
Բնական է, որ իրենց մշտական այցելու քաղաքապետին ռեստորանի անձնակազմը ճանաչել է: Այդուհանդերձ չեն վարանել հիշեցնել ընդունված կարգի մասին ու նրան դուրս հրավիրել: Այն էլ՝ սեղանակիցների ու նաև հարևան սեղանների շուրջն ընթրողների ներկայությամբ, որոնց հետ, քաղաքապետի ասելով, ինքն աշխույժ զրույց էր վարում: Իսկ դել Գինգարոն մտքով էլ չի անցկացրել իր իշխանական լծակները գործի դնել և «չափն անցած» սպասարկման կետի ղեկավարությանն իր տեղը ցույց տալ: Ու նաև այնքան անկեղծ է եղել, որ ի լուր ամենքի՝ եղածի մասին պատմել է: 
 
Որոշակի ոճով հագնվելու կարգ շատ հաստատություններ են սահմանում: Տարբեր տեսակի հանդիպումներ ու արարողություններ նույնպես անցակացվում են նախօրոք պայմանավորված հոգուկապով: Դա երբեմն անհրաժեշտություն է լինում, երբեմն՝ պատշաճություն, շատ դեպքերում էլ հագուստը մարդուն պարտադրվում է նրան նվաստացնելու նպատակով: 
 
Սաուդյան Արաբիայի «Saudia Airlines» ավիաընկերությունն, օրինակ, գտել է, որ իր իքնաթիռներով երթևեկող կանայք չեն կարող մերկ ոտուձեռք ցուցադրել, թափանցիկ կամ մարմինն ընդգծող զգեստ կրել, իսկ տղամարդիկ իրավունք չունեն կիսատաբատով լինել:  Նրանք դա բացատրել են մնացած ուղևորների համար անհարմարություն չստեղծելու անհրաժեշտությամբ: 
 
Իսկ հետաքրքիր է՝ այս երկու հաստատություններում ինչպե՞ս կընդունեին պատառոտված, բայց մինչև հատակն իջնող ջինսե տաբատներով երևանցի աղջիկներին: Ասում են՝ մարդուն ընդունում են նայելով հագուստին նայելով, իսկ ճանապարհելիս խելքն են կարևորում: Բայց մինչև բանը խելքին հասնի, նախ պետք է ընդունեն, չէ՞…