Պատապատում

Թուրքիան սկսել է «անվտանգության» պատեր կառուցել իր պետական սահմանների երկայնքով՝ դա հիմնավորելով Քրդական բանվորական կուսակցության սպառնալիքներից պաշտպանվելու, ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ:
 
Սիրիայի հետ սահմանին 900 կմ երկարությամբ պատի շինարարությունը դեռ լիովին չավարտած՝ հիմա էլ պատակառույց է սկսել Իրանի հետ սահմանին: Ի դեպ՝ թուրք-սիրիական սահմանը 822 կմ է ձգվում: Եթե ենթադրենք որ 900-ը մոտավոր թիվ է, ստացվում է՝ ամբողջ սահմանը, դեռ մի բան էլ ավելի, պատով բաժանվել է: Իրանի սահմանով ձգվող պատն ունենալու է 3 մ բարձրություն, 2 մ հաստություն, 70 կմ երկարություն (տեղեկացրել է «Ռիա նովոստին»): 
 
Այս մտադրության մասին Թուրքիայի իշխանությունները դեռևս մայիսին էին տեղեկացրել: Չմոռանանք, որ ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ ծրագրվել է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին: Հավանաբար չեն բացառում, որ Իրանը կարող է զորամիավորում տեղակայել Մեղրիում: 
 
Նման պատերը, անտարակույս, որոշակի նշանակություն կարող են ունենալ՝ հենց Թուրքիայից պաշտպանելով նրա հարևաններին: Վատ չէր լինի, որ Հայաստանի ու Արցախի հետ ադրբեջանական սահմանն էլ պատապատեին՝ դժվարացնելով ելուզակների մուտքը մեր տարածքներ: 
 
Բնականաբար՝ այդ պատերի կառուցումը ծախսատար է ու ցույց է տալիս, թե որքան մեծ են իշխանությունների մտավախությունները որքան մեծ են: Չէ՞ որ արդեն բավական ժամանակ շրջանառվում է թուրքական պետության մասնատման հավանականությունը, և այդտեղ ամենամեծ դերկատարումը վերագրվում է քրդական պետության կազմավորմանը:  
 
Որքան էլ Թուրքիան փորձեց միատարր պետություն դառնալ՝ իր բոլոր քաղաքացիների անձնագրերում ազգությունը «թուրք» նշելով, սակայն նույնիսկ հավատակից ու հարյուրամյակ առաջ իրենց հանցակիցը դարձած քրդերին չկարողացավ ներշնչել, թե թուրք են: Ինքնության ճգնաժամը բռնապետության «սիրտը» ահով է լցրել, ու նորանոր քայլեր է ձեռնարկում:
 
Ժամանակը ցույց կտա, թե պատերի կառուցումը որքանով կցրի նրա վախերը: Իսկ նրանք, ում դեմ այդ պատերը կառուցվել են, լավ կանեն՝ զգուշանան. արդյո՞ք դրանց տակ իրենց համար ականներ չեն տեղադրվել: