Քրդերն անկախ պետություն են ուզում

ԻՍԿ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ը ՀԵՌՈՒ ՉԷ

Մինչ Իրաքի քրդերը նախապատրաստվում են սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեին, այդ երկրի իշխանությունները փորձում են սառեցնել նրանց ոգևորությունը: Դրա համար  միջոց են ընտրել տնտեսական դժվարություններ ստեղծելը:
 
Իրաքի նավթի փոխնախարար Քերիմ Հաթափ Ջաֆերի անունից տարածված հայտարարությունը տեղեկացնում է, որ Հյուսիսային նավթային ընկերությունը դադարեցնում է նավթի մատակարարումն Իրաքյան Քուրդիստանի տարածք: («Rudaw» կայքն է  տեղեկացնում):
 
Մերձավոր Արևելքում քրդական պետություն ստեղծելու վերաբերյալ Արևմուտքի ծրագրերն այնքան մոտ են իրականացմանը, որ անկախության հանրաքվեն դեռևս չիրականացած՝ արդեն նշանակվել է նաև խարհրդարանական ընտրությունների օրը՝ 2017թ. նոյեմբերի 6: Մինչդեռ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ 72 երկրի ներկայացուցիչների վաշինգտոնյան համաժողովի ժամանակ կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳերկը շեշտել էր, թե քրդական հանրաքվեի համար ճիշտ ժամանակ չի ընտրվել:
 
Քրդական անկախ պետություն ստեղծելու՝ Արևմուտքի վաղեմի ձգտումներին, սակայն, բնավ հավանություն չեն տալիս տարածաշրջանի երկրները: Դրան, բնականաբար, խիստ դեմ է Իրաքը, ոչ մի գնով համաձայն չէ Թուրքիան, Իրանին ևս դա ոչ մի չափով ձեռնտու չէ և այլն: Որոշ քաղաքագետների գնահատմամբ՝ քրդական անկախ պետության ստեղծումը անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի: 
 
Պատերազմի մասին խոսում է նաև քրդական կողմը: Այսպես, Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե իրաքցի քրդերի անկախության հանրաքվեն խոչընդոտների հանդիպի, դա արյունալի նոր պատերազմի պատճառ կդառնա: 
 
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Մասուդ Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է, թե նման բաժանման համար նրանք այնքան էլ բարենպաստ տարածաշրջանում չեն ապրում: Եվ ուրեմն՝ հանրաքվեի համար ո՛չ տեղն է բարենպաստ գնահատվում, ո՛չ ժամանակը: Երևում է՝ Իրաքի իշխանությունները նավթամատակարարման դադարեցմամբ արդեն գործնական քայլերի են անցել, որպեսզի թույլ չտա, որ իրենց երկիրը մասնատվի: 
 
Ճիշտ է, աշխարհում միլիոնավոր քրդեր են ապրում, սակայն նրանք երբեք սեփական պետությունը չեն ունեցել: 21-րդ դարում Արևմուտքը որոշել է նրանց պետություն նվիրել: Իսկ նման նվերից ո՞վ կհրաժարվի: Թուրքերը հո հարյուրամյակներով պատերազմեցին, անմարդկային միջոցներով հողեր զավթեցին, հետո նոր պետության տեր դարձան: Իսկ քրդերի պարագայում՝ ուղղակի նվեր: Ընդ որում, Արևմտյան Հայաստանի տարածքները նույնպես որպես այդ նվերի բաղադրիչ են դիտվում: Երևում է՝ հին քաղաքակրթության բնօրրան Հայաստան պետությունն Արևմուտքի համար ցանկալի չէ: Նրան նորագույն Քուրդիստան տուր, որ կարողանա սեփական նպատակներին ծառայեցնել: 
 
Իսկ սեպտեմբերի 25-ը հեռու չէ: