Մեղադրանքների տարափ Թուրքիայի ու Եվրոպայի միջև

ԵՐԵՍ ԱՌԱԾՆ ԱՍՏԱՌ ԷԼ Է ՈՒԶՈՒՄ

Թուրքիայի և Եվրոպայի միջև մեղադրանքների փոխանակումը նոր թափ է հավաքում: Թուրքիո նախագահը Գերմանիային ուղղակիորեն ﬔղադրել է ահաբեկչությանն օժանդակելու համար: Եվ այդ ﬔղադրանքի համար Էրդողանն իրեն սազական հիﬓավորում է գտել: «Ռոյթերսի» փոխանցմամբ՝ նա  ասել է, թե դրա ապացույցն այն է, որ Գերմանիան Թուրքիային չի արտահանձնում 2016թ. հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին, ովքեր, որպես քաղաքական փախստական՝ ապաստան են գտել Գերմանիայում: Եվ դա նշանակում է ահաբեկչություն հրահրել:  Էրդողանը նշել է, թե թուրքական կողմը Անգելա Մերկելին սրա վերաբերյալ 4500 թղթածրար է ուղարկել, սակայն ոչ ﬕ պատասխան չի ստացել: 
 
Գերմանիայի արտգորնախարարությունն էլ անդրադարձել է Թուրքիայում ամբաստանյալներին ﬕատեսակ համազգեստ հագցնելու հանգմանքին: Գերմանացի պաշտոնյան դա համեմատել է նացիստների գործելակերպի հետ: (Ճիշտ է՝ անտեսել են, որ Թուրքիայի խորհրդարանում որոշ բառեր, այդ թվում` ցեղասպանություն բառն արգելվել են): Չեն մոռացել նաև Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիներին: Ընդ որում, նշվել է, որ հույս չկա, թե նրանց ազատ կարձակեն: Իսկ գերմանացի այդ իրավապաշտպանները Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով: 
 
Էրդողանի համար որքա՜ն ձեռնտու է, որ աշխարհում կան ահաբեկիչներ ու ահաբեկչական խմբավորումներ: Չէ՞ որ իր բոլոր արարքները կարող է արդարացնել՝ նրանց վկայակոչելով: 
 
«Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության քարտուղար Սալիլ Շեթին, ում նույնպես ձերբակալել են, կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անﬕջապես դադարեցնելու հետապնդուﬓերն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին.
 
- Այսօր ﬔնք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Թուրքիայի և ﬕջազգային հասարակության համար ճշմարտության պահը վրա է հասել: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն լեզուն ատամների տակ պահել և շարունակել գործերն այնպես վարել, ասես ոչինչ չի պատահել:
 
Ցավալի է, իհարկե, որ հարգարժան իրավապաշտպանը միայն սեփական մաշկի վրա Թուրքիայի արդարադատության մահակը փորձելուց հետո է հասկացել, թե այդ երկրում ինչը կարող է հանցանք համարվել: Բայց դե՝ լավ է ուշ, քան երբեք:  
 
Թուրքիայի դեմ «գրոհն» այսքանով չի սահմանափակվել: Շվեդիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել իր քաղաքացի Ալի Գալավիի կալանավորման վերաբերյալ՝ նշելով, թե դրանով զբաղվում են: Իսկ Բելգիայում ուղղակի հայտարարել են, որ եթե Թուրքիան մահապատժի վերաբերյալ հանրաքվե անցկացնի, իրենց երկրում դրա կազմակերպումը կարգելեն: